կարևոր
1845 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-04 18:28

Կհանգուցալուծվի մանկապարտեզի շենքում տարիներ շարունակ բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը

Կհանգուցալուծվի մանկապարտեզի շենքում տարիներ շարունակ բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը

Ամենամոտ ժամանակահատվածում հանգուցալուծում կստանա Ակունքի Նոր Գյուղ բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքում երկար տարիներ բնակվող մի քանի ընտանիքների սեփականության իրավունքի իրացման հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կոտայքի մարզպետը մայիսի 3-ին այցելել է Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայր, որտեղ համայնքապետի և վարչական ղեկավարի մասնակցությամբ նախկին մանկապարտեզի շենքում բնակվող մի քանի ընտանիքների հետ քննարկել է իրենց բնակության վայրի օրինականացման հարցը:

Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել համայնքի կողմից նախկին մանկապարտեզի շենքն աճուրդի հանելու եղանակով (համայնքի ավագանին կորոշի նաև աճուրդի մեկնարկային գները) մեր գյուղաբնակ քաղաքացիներին հնարավորություն տալ օրինականացնելու կացարանները՝ հետագայում սեփականության իրավունքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ բացառելու նպատակով:

Ըստ այդմ, շենքի ու հարակից հողամասերի գործառնական նշանակությունը օրենքով սահմանված կարգով կփոխվի և այն կվերագրանցվի որպես 10 ընտանիքի համար նախատեսված՝ բնակելի շինություն կից հողամասերով։

Շենքի շրջակայքում նրանց կտրամադրվի նաև հողատարածք, որը կարող են մշակել, զբաղվել այգեգործությամբ ու, այսպիսով` հոգալ իրենց կարիքները:

Աճուրդից գոյացած ֆինանսական միջոցները կուղղվեն գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ, պետական սեփականություն հանդիսացող ազատ տարածքում մանկապարտեզի նոր շենքի կառուցմանը: