2020 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղի 2 հասցեում գործող ավտոգազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է կայանված «Վազ 21213» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով նույն գազալցակայանի լիցքավորող, Մեծ Սեպասար գյուղի բնակիչ, 1980 թվականին ծնված տղամարդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է գործ:
Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է։ Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ: