կարևոր
1789 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-04 15:31

Թորոսյանը հավանական է համարում մինչև մայիսի վերջ Հայաստանում 10 հազար վարակման դեպքը

Թորոսյանը հավանական է համարում մինչև մայիսի վերջ Հայաստանում 10 հազար վարակման դեպքը

 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավանական է համարում այն սցենարը, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնի 10 հազարի: Այս մասին նախարարն ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե մինչև մայիսի վերջ որքան վարակակիր կլինի, նա նշեց. «10 հազար թիվը հավանական սցենար է: Դա բարձր է այն իմաստով, որ ավելի բարձր է, քան կկարողանանք բոլորին պահել հսկողության տակ, և հավանաբար ոմանց տուն կուղարկենք: Սակայն բարձր չէ այն իմաստով, որ ամեն դեպքում ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կկարողանանք սպասարկել»,-ասել է նախարարն ու նկատել՝ ամեն ինչը կախված է 10 հազարին հաջորդող քայլերից:

Անդրադառնալով հանձնաժողովի նիստում իր հնչեցրած այն մտքին, որ եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ օրինակ Հայաստանում հնարավոր է, որ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներով և հազարավոր մահերով՝ Թորոսյանն ասել է, որ դա պատահական թիվ չէր: «Դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր Հայաստանի համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներ և հազարավոր մահեր: Բարեբախտաբար, դա մինչև օրս տեղի չի ունեցել, կարողացել ենք ամեն դեպքում զսպել բռնկման տարածումը, հարթեցնել կորը: Սրագագաթ պիկ չէ, դա բլուր է դառնում, պետք է կարողանանք այնպես անել, որ հետո աստիճանաբար իջնի ներքև»,-ասել է նախարարն ու նշել՝ սակայն, թե դա երբ կհաջողվի, դժվար է ասել:

Անդրադառնալով սահմանափակումների վերացմանը՝ նա նշել է, որ դա միգուցե մի քիչ կնպաստի ավելացմանը, սակայն նաև պետք է խոստովանել, որ դա անխուսափելի է, քանի որ հնարավոր չէ ապրել երկրում, որտեղ ամեն ինչ փակ է: Նախարարը նկատել է՝ դա ինչ-որ մի օր պետք է տեղի ունենար, և այդ ժամանակն իրենք օգտագործել են՝ ինչ-որ կերպ առողջապահական համակարգը կարգի բերելու համար և մարդկանց որոշակի վարքագծային կանոններ սովորեցնելու համար:

Հայաստանում մայիսի 4-ից հանվել են ազատ տեղաշարժի սահմանափակումները, տնտեսական գրեթե բոլոր գործունեությունների աշխատանքը ևս թույլատրվել է: Սակայն մշակվել են ուղեցույցներ, թե ինչպես պետք է կազմակերպել աշխատանքը՝ պահպանելով անվտանգության կանոնները: Իրականացվելու է վերահսկողություն:

Հայաստանում մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 24 942 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 39 դեպք: