ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, համաճարակների ցիկլայնությունը հաշվի առնելով, ենթադրում է, որ առնվազն մյուս գարնանից հետո կորոնավիրուսի համավարակը կամ աստիճանաբար կմարի, քիչ շրջանառություն կունենա, կամ դրա դեմ պատվաստանյութ, սպեցիֆիկ դեղ կլինի: Թորոսյանն այս մասին ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Նա նախ շեշտեց՝ վարքագծի կանոնները պետք է երկարատև գործեն: Նա ենթադրում է, որ դրանք նույնիսկ կորոնավիրուսի հաղթահարումից հետո էլ պետք է գործեն, դրանք լավ կանոններ են՝ նույնսիկ այլ հիվանդությունների փոխանցումը խոչընդոտող:
«Եթե կարողանանք աշխատանքի վայրում, ընտանիքում, փողոցում, տարբեր միջավայրերում պահպանել կանոնները, կկարողանանք հարմարվելով գնալ առաջ: Եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ, օրինակ, Հայաստանում հնարավոր է, որ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներով և հազարավոր մահերով: Եվ այդ սցենարն այնքան էլ անհավանական չէ, դա շատ հավանական սցենար է, տարբեր երկրներում եղել է, բարեբախտաբար, մեզ մոտ չի եղել: Այդ ամենը պետք է առնվազն պահել այնպես, ինչպես կա, եթե չկարողացանք պահել բոլորով, ապա անխուսափելի վատ սցենարներ կունենանք»,-ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով պատգամավորի հարցին՝ նա պատասխանեց՝ ոչ մեկը երաշխիք չունի՝ վիրուսը մե՞կ, թե՞ երկու տարի կտևի: «Համաճարակների ցիկլայնությունը հաշվի առնելով, աշուն-ձմեռ-գարուն և ևս մեկ աշուն-ձմեռ-գարուն ցիկլայնությունը` ենթադրում ենք, որ առնվազն մյուս գարնանից հետո համավարակը կամ աստիճանաբար կմարի և շատ քիչ շրջանառություն կունենա, կամ կունենանք պատվաստանյութ կամ սպեցիֆիկ դեղ դրա դեմ»,-նշեց նախարարը:
Թորոսյանի խոսքով՝ միշտ կարող են պատրաստվել վատթարագույնին, սակայն հույս ունեն լավագույն սցենարի: Եվ այդ «եթե»-ն հաճախ գնահատվում է օրական հիմքով: Նա նշեց՝ եթե վաղը լինի, օրինակ, ևս 1000 դեպք, պարզ է, որ որոշումները շատ արագ են փոխվելու:
Հայաստանում մայիսի 4-ից հանվել են ազատ տեղաշարժի սահմանափակումները, տնտեսական գրեթե բոլոր գործունեությունների աշխատանքը ևս թույլատրվել է: Սակայն մշակվել են ուղեցույցներ, թե ինչպես պետք է կազմակերպել աշխատանքը՝ պահպանելով անվտանգության կանոնները: Իրականացվելու է վերահսկողություն: