կարևոր
884 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-04 14:25

Թեստերի քանակի խնդիր չկա. Հայաստանը պատվիրել է նաև 1 ժամում ճշգրիտ պատասխան տվող թեստեր

Թեստերի քանակի խնդիր չկա. Հայաստանը պատվիրել է նաև 1 ժամում ճշգրիտ պատասխան տվող թեստեր

  Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստերի քանակի խնդիր չկա, այս պահին առկա է 70 հազար թեստ, սպասվում է տեղական արտադրություն: Պետությունը պատվիրել է նաև նույն ճշգրտությամբ, սակայն ավելի կարճ ժամանակում՝ մոտ մեկ ժամում պատասխան տվող թեստեր: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ռապիդ թեստերի մասով նոր ձեռք բերումներ չենք անում: Եղել են ընդամենը մեկ մեծ՝ 30 հազար հատ ձեռք բերում և փոքր նվիրատվություններ: Դրանք օգտագործվում ենք այս պահի դրությամբ փակ հաստատություններում մեծածավալ սքրինինգներ իրականացնելու համար: Իսկ ՊՇՌ թեստերի քանակի խնդիր մենք այս պահին չունենք: Մնացորդը այս պահի դրությամբ 70 հազարին մոտ է: Նաև մենք սպասում ենք Չինաստանից ինքնաթիռով վերջին կոմպոնենտի ժամանելուն, որպեսզի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը արտադրի ևս 100 հազար թեստ»,-ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ ունեցած թվերով, եթե նոր արտադրությունն էլ բարեհաջող տեղի ունենա, ևս 3-4 ամիս թեստերի խնդիր չի լինի: Սակայն  հնարավոր է, որ թեստավորման ալգորիթմերի մեջ փոփոխություն տեղի ունենա՝ կախված հիվանդների թվաքանակից: Նախարարը նշեց՝ կան երկրներ, որ թեթև արտահայտված, սուր շնչառական վարակներով քաղաքացիներին նույնիսկ չեն էլ թեստավորում, այլ պարզապես նրանք մնում են տանն ու բուժվում: 

«Կախված թվերից՝ կկողմնորոշվենք մեր այսօրվա ծախսման տեմպով մեր թեստերը մեզ 6 ամիս կհերիքե՞ն, թե՞ տեմպը փոխելով, օրինակ, ևս մեկ տարի կհերիքեն, թե կհերիքեն 3 ամիս»,-նշեց նա:

Թորոսյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում թեստերի արտադրությունը գնալով զարգանում է, նաև առաջանում են թեստավորման նոր մեթոդներ, որոնք գործնականում նույն ճշգրտությունն ունեն, սակայն ավելի արագ են աշխատում: 

«Մենք այդ ուղղությամբ էլ ենք աշխատում և պատվեր ենք դրել, պարզապես ամերիկյան ընկերության թեստերի մատակարարումների ժամկետը երկար է:  5 ժամի փոխարեն նույն ճշգրտությամբ թեստավորումն այդ թեստերով արվում է մոտավորապես 1 ժամում»,-ասաց նախարարն ու նկատեց՝ դա թույլ կտա թողունակությունը մեծացնել:

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստերի սեփական արտադրությունը սկսելու համար սպասում է հումքի երկրորդ խմբաքանակին: Նախատեսվում է, որ այն Հայաստանում կլինի մայիսի կեսին, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը պատրաստ է արտադրությունը սկսել հենց հաջորդ օրը: Կարտադրվի 100 հազար թեստ: