կարևոր
1811 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-04 13:46

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեք քաղաքացու մոտ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեք քաղաքացու մոտ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել

Հայաստանում կորոնավիրուսից, ըստ էության, բուժված և դուրս գրված երեք քաղաքացու մոտ 2 շաբաթ անց կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել:   Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին, թե արդյոք եղե՞լ է կրկնակի վարակման դեպք:

«Դժբախտաբար, դեպքեր գրանցվել են, այդ թվում՝ Հայաստանում: Բայց հիմա ակադեմիական մեծ դեբատ է գնում: Եվ ամեն օր մենք թարմ գիտական ինֆորմացիա ենք ստանում, թե արդյոք դա կրկնակի վարա՞կ է, այսինքն` ինքը բուժվե՞լ է ամբողջությամբ և նորի՞ց վարակվել է, թե՞ դա պարզապես եղել է կամ վիրուսի ապաակտիվացում օրգանիզմում, հետո ակտիվացում, և մենք չենք կարողացել ապաակտիվ վիճակում հայտնաբերել, քանի որ պացիենտը ոչ գանգատ է ունեցել, ոչ էլ քսուկի մեջ վիրուս է եղել: Կամ էլ ամենահավանականն այն է, որ դա վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներում, երբ վիրուսը չի բազմանում, բայց նրա ՌՆԹ-ն առկա է բջիջներում, և մենք պարզապես թեստավորելիս հայտնաբերում ենք»,-ասաց նախարարն ու նշեց՝ այդ դեպքերը Հայաստանում 3-ն են:

Նրանք որևէ գանգատ չունեն, որևէ սիմպտոմ, անհանգստացնող բան չկա, սակայն նրանց մոտ դուրսգրումից 2 շաբաթ հետո նորից վիրուս է հայտնաբերվել: Այդ անձանց նորից մեկուսացրել են, որպեսզի հավանական վարակը կանխարգելեն: Գիտական ինֆորմացիայի հասանելի դառնալուն զուգընթաց՝ նախարարությունը կորոշի, թե ինչ անել: Նախարարի խոսքով՝  նման դեպքեր արձանագրվել էին հիմնականում Չինաստանում, Հարավային Կորեայում: Եվ հենց Հարավային Կորեայի գիտնականներն էին եկել այն եզրահանգման, որ դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում՝ 2-3 ամսվա ընթացքում, որը պարզապես ՊՇՌ-ով հայտնաբերվում է: 

«Այդ հայտնաբերման մեթոդը աշխատում է ոչ թե վիրուսի մասնիկի վրա, այլ վիրուսի մեջ եղած գենետիկ նյութի վրա, որը կարող է լինել նաև ապաակտիվ վիճակում, այսինքն՝ առանց պատյանի: Իսկ առանց պատյանի վիրուսն էլ չի բազմանում և արտազատվում»,-ասաց Թորոսյանը:

Նա  հորդորեց ամեն դեպքում վարակված և լավացած լինելու դեպքում պահպանել անվտանգության կանոնները:

Հայաստանում մայիսի 4-ի ժամը 11:00-ի  դրությամբ  հաստատվել  է  կորոնավիրուսային  հիվանդության 2507 դեպք, որոնցից 1071-ն`  առողջացած Կորոնավիրուսային  հիվանդությամբ  այս  պահին  փաստացի  բուժում  է  ստանում  1393  պացիենտ :  Ընդհանուր  առմամբ կատարվել է 24 942 թեստավորում: Կորոնավիրուսային  հիվանդությունից արձանագրվել է մահվան 39 դեպք: