Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հայաստանում նախքան արտակարգ դրության հայտարարումը, նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար տարել էր նախապատրաստական աշխատանքներ, 1000-ից ավելի ընտրատեղամասերում տեղադրվել էին տեսախցիկներ:
Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին:
Պետրոսյանը նշեց՝ տարեսկզբին, երբ նշանակվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, լուրեր տարածվեցին, թե իբր հնարավոր չէ ամբողջ տեղամասերում ապահովել բուն ընտրական գործընթացի տեսանկարահանումը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք դա իրակա՞ն է:
Մուկուչյանը նախ հիշեցրեց, որ առաջին անգամ տեսանկարահանում արվել է 2017-ին, հետագայում նույն կերպ, նույն ծավալով՝ նաև 2018-ին: Ըստ էության, 2000 տեղամասից 1500 -ում տեսախցիկներ են տեղադրվել: Նրա խոսքով՝ տեսախցիկներ չեն տեղադրվել հեռավոր բնակավայրերի տեղամասերում, որտեղ ինտերնետ հասանելիության, տեխնիկական խնդիրներ կային: «Այս հանրաքվեի կազմակերպման ընթացքում կառավարության կողմից առանձին տողով հատկացվեցին միջոցներ՝ տեսախցիկներ տեղադրելու հետ կապված: Մենք արդեն սկսել էինք այդ 1500 տեղամասում տեսախցիկներ տեղադրելու աշխատանքները, կազմակերպությունն առկա է: Աշխատանքը նույնիսկ ավելի արագ էր ընթանում, քան համապետական ընտրությունների ժամանակ: Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված՝ աշխատանքները դադարեցվեցին, սակայն շարված տեսախցիկները բոլոր հանձնվել են այդ հաստատությունների ղեկավարների պատասխանատվությանը, և վերսկսման պարագայում աշխատանքները շարունակվելու են»,-ասաց Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ 1000-ից ավելի, մոտ 1200 տեղամասում արդեն տեղադրված էին այդ տեսախցիկները: Հանրաքվեի գործընթացի մեկնարկի պայմաններում այդ գործընթացը շարունակվելու է: Ըստ էության, 2000 տեղամասից 1508 տեղամասում կլինեն տեսախցիկներ: Մուկուչյանը վստահեցրեց՝ այն ընտրատեղամասերը, որտեղ քվեարկելու է ընտրողների 92-93 տոկոսը, լինելու են տեսախցիկների ծածկույթում:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Հանրաքվեն պետք է տեղի ունենար ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 17-ին: Սակայն հայտարարված արտակարգ դրութան պայմաններում այն չէր կարող կայանալ: