01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց Ձորի մարզային ծառայության աշխատակիցները արձանագրել են փաստ, որ Մարտիրոս գյուղի (9-17-րդ դարեր) «Գյուղատեղի Լվիս» հուշարձանի տարածքում գտնվող միջնադարյան գերեզմանոցներից մեկը գանձախույզները փորել են մոտ 1,5 մետր խորությամբ: Այս մասին նշված է ծառայության «Ֆեյսբուք»-ի էջում։
«էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն է տարածել Վայոց ձորի մարզի հուշարձաններից մեկի տարածքում կատարված վանդալիզմի մասին: Լրատվամիջոցը նշել է, թե հուշարձանների պահպանությունը իրականացնող մարմինը տեղյակ չէ կատարվածից:
Հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային ծառայության հուշարձանների պահապանները արձանագրել են փաստը, որ Մարտիրոս գյուղի /9-17 դարերով թվագրվող/ «Գյուղատեղի Լվիս» հուշարձանի տարածքում գտնվող միջնադարյան գերեզմանոցներից մեկը գանձախույզները փորել են մոտ 1,5 մետր խորությամբ: Մյուս երկու գերեզմաները մասամբ են քանդել:
Հուշարձանի տարածքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ և գանգ: Վայոց ձորի մարզային ծառայությունը փաստի առիթով անմիջապես ահազանգել է իրավապահներին:
Հուշարձանի տարածքում այս պահին ոստիկանության աշխատակիցների և մարզային ծառայության հուշարձանների պահապանների մասնակցությամբ տեղազննություն է իրականացվում:
Հ. Գ. Հուշարձանը գտնվում է Մարտիրոս գյուղից մոտ 5 կմ հեռու՝ բարձրադիր վայրում: Վայոց ձորի մարզը ունի շուրջ 2000 հուշարձան: 2020 թ. ընթացքում սա մարզում արձանագրված առաջին դեպքն է»,- նշված է գրառման մեջ: