կարևոր
2206 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-03 19:26

Փաշինյանը, Ավինյանը և Թորոսյանը ներկայացրին կառավարության ապակենտրոնացված պայքարը COVID-19-ի դեմ

Փաշինյանը, Ավինյանը և Թորոսյանը ներկայացրին կառավարության ապակենտրոնացված պայքարը COVID-19-ի դեմ

Փաշինյանը, Ավինյանը և Թորոսյանը ներկայացրին կառավարության ապակենտրոնացված պայքարը COVID-19-ի դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ներկայացրին կորոնավիրուսային հիվանդության՝COVID-19-ի դեմ կառավարության կողմից գործադրվելիք ապակենտրոնացված պայքարի ռազմավարությունը։

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ մայիսի 4-ից գործունեության 10-12 ոլորտ կշարունակի փակ կմնալ, այդ թվում՝ առևտրի կենտրոնները, քաղաքային տրանսպորտը, որի բացումը հնարավոր կլինի ադապտացիոն շրջան անցնելուց հետո։

«Հայաստանում առողջապահական համակարգի կոլապս չի եղել»,- ընդգծեց նա և, ներկայացնելով տաք կլիմայական գոտիներում գտնվող երկրներում իրավիճակը, հավելեց, որ բարձր ջերմաստիճանների պայմաններում կորոնավիրուսի տարածումը շարունակվում է։

Ավինյանի կարծիքով՝ այսուհետ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարողի պատասխանատվությունից և գիտակցություն է կախված լինելու, թե որքանով են պահպանվելու կորոնավիրուսի դեմ պայքարի համար սահմանված հստակ կանոնները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց պարետատանը հսկայածավալ աշխատանքի համար և շեշտեց, որ պարետատունը շարունակելու է գործել, քանի գործում է արտակարգ դրության ռեժիմը։ Վարչապետը նկատեց, որ մայիսի 4-ից հանվում է տեղաշարժի սահմանափակումը, ինչով պայմանավորվում է ապակենտրոն պայքարի անհարաժեշտությունը։ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա է վերցնում չվարակելու և չվարակվելու պատասխանատվությունը»,- շեշտեց Փաշինյանը՝ նկատելով, որ վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր դեպքերն ավելացել են՝ անցնելով օրական հարյուրը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ բոլոր երկրներն ունեն կորոնավիրուսի կրկնակի բռնկման ռիսկ, և դրանից խուսափելու համար Հայաստանի բնակիչները պետք է փոխեն վարքագիծը, որպեսզի հարազատները չտուժեն։

Նրա խոսքով՝ վարակների վերջին օրերի թվերը պայմանավորվում են տարբեր գործոններով, մասնավորապես, շարժունությամբ, բայց կային նաև օջախանման դեպքեր, երբ կանոնները չեն պահպանվել արտադրական կոլեկտիվներում ու հավաքատեղիներում։ Նա հիշատակեց դեպքը, երբ կորոնավիրուսով վարակվածը մասնակցել է հուղարկավորության։

Ներկայացնելով Հայաստանում նոր կորոնավիրուսով հիվանդների հետ կապված վիճակագրությունը՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ ծանր դեպքերի թիվը աճել է։ Նրա տվյալներով՝ մոտ 850 հիվանդներից 350-ն ախտանիշներ չունեն և մեկուսացված են հյուրանոցներում, ծանր հիվանդ է 65 պացիենտ, 35-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 9-ը միացված է արհեստական օդափոխության սարքերին։ «Դա դեռ մեծ ծանրաբեռնվածություն չէ, մենք կարող ենք վարել 3-4 հազար դեպք հիվանդանոցներում»,- ընդգծեց առողջապահության նախարարը՝ կարևորելով քաղաքացիների անհատական պատասխանատվությունը, որպեսզի հիվանդացության մակարդակը կտրուկ չաճի։ Նրա համոզմամբ՝ հանրային սննդի բացօթյա օբյեկտներում, արտադրական և գրասենյակային տարածքներում, իսկ հետագայում նաև տրանսպորտում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման կանոնների պահպանման դեպքում շատ կայուն իրավիճակ կունենանք։

Տիգրան Ավինյանն ասաց, որ կանոնների կատարման վերահսկողության հիմնական գործիքը տեսչական մարմիններն են, սակայն ամենաարդյունավետը քաղաքացիական վերահսկողությունն է։ Նա հավելեց, որ պարբերաբար ստուգումներ իրականացվելու են, կանոնները չպահպանելը պատասխանատվություն է առաջացնելու։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանում դիմակների խոշոր՝ օրական 200 հազար դիմակ հզորությամբ արտադրության հիմնադրմանը։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ Տավուշի մարզպետն իրեն հավաստիացրել է, որ արդեն մայիսի 3-ին այդ արտադրությունն արդեն պետք է գործարկված լիներ։ Նրա հավաստմամբ, Հայաստանում պաշտպանական դիմակների պակաս չկա, խնդիրը գնային տատանումներն են եղել, և հետագայում դիմակների և ձեռնոցների քանակը հնարավոր կլինի ապահովել։

Անդրադառնալով նոր կորոնավիրուսի հետ կապված մտայնություններին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր է ընթանում այդ հիվանդությունը, սակայն անախտանիշ հիվանդների կողմից տարածվող տեղեկատվությունը, թե իրենք հիվանդ չեն եղել, ամենամեծ խնդիրն է։

Արսեն Թորոսյանը հավելեց, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ, սակայն ախտանիշ չունեցած մարդիկ վարակել են մարդկանց, որոնք հետագայում մահացել են կորոնավիրուսից։ Ըստ նրա՝ կան դեպքեր, երբ հիվանդությունը ծանր է ընթանում երիտասարդների մոտ, օրինակ, 32-ամյա երիտասարդը հրաշքով է փրկվել։ Բացի այդ, եղել է դեպք, երբ 69-ամյա քաղաքացին մահացել է կորոնավիրուսից՝ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ չունենալով։ «Ցածր մահացությունը բժիշկների աշխատանքի արդյունքն է»,- շեշտեց առողջապահության նախարարը։

Պարետ Տիգրան Ավինյանը, կարևորելով ինքնամեկուսացման կանոնների պահպանման խնդիրը, տեղեկացրեց, որ ներդրվելու է հսկողության նոր համակարգ, որը թույլ կտա առանց հյուրանոցներում մարդկանց պահելու հսկել ինքնամեկուսացվածներին. մեկ շաբաթվա ընթացքում է ձևավորվելու համակարգը, որը թույլ կտա պարետատան, ոստիկանության, առողջապահության նախարարության և պոլիկլինիկաների ներգրավմամբ ավելի խիստ հետևել մեկուսացման կանոններին՝ նաև մեկուսացվածները ֆիզիկապես այցելելով։

Եզրափակելով կորոնավիրուսային հիվանդության՝COVID-19-ի դեմ կառավարության կողմից գործադրվելիք ապակենտրոնացված պայքարի ռազմավարության ներկայացումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ բոլորին տեսանելի է, թե ինչ մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատել պարետատունը և առողջապահության նախարարությունը։ «Ես սա չեմ կարող ասել որպես ամփոփում, որովհետև, ցավոք սրտի, մեծ է հավանականությունը, որ շատ երկար դեռ այս ռեժիմով շարունակելու ենք աշխատել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։