կարևոր
1488 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-03 14:00

Շնորհակալ եմ բարեխիղճ լրագրողներին պրոֆեսիոնալիզմի ու կատարած անգնահատելի աշխատանքի համար․ Ռուստամ Բադասյան

Մամուլի ազատության համատեքստում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հավելելով, որ 2018 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցում Հայաստանը 80-րդն էր:

 «Սա Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ցուցիչն ու արձանագրումն է: Վերջերս Հայաստանի կառավարության կողմից մամուլի կարևորությունն ընդգծող հերթական քայլը կատարվեց և լրատվական գործունեություն իրականացնողների համար Պետռեգիստրի տվյալները դարձան հասանելի՝ անվճար հիմունքով: Այս բարեփոխումը նախաձեռնեցինք այն համոզումով, որ կամրապնդենք հետաքննող լրագրության և մամուլի ազատության երաշխիքները, կնպաստենք լրատվամիջոցների կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն: Այս նպատակին ուղղված մեր բարեփոխումները շարունակական են լինելու: Միաժամանակ, չենք կարող չնկատել ոլորտում առկա խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում են նաև մասնագիտացված միջազգային կազմակերպությունները: Լուրջ անելիքներ ունենք ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ: Վստահ եմ, սա ևս համատեղ ուժերով կհաղթահարենք և էլ ավելի կբարելավենք մամուլի ազատության վիճակը:
 
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ և շնորհակալ եմ բարեխիղճ լրագրողներին պրոֆեսիոնալիզմի ու կատարած անգնահատելի աշխատանքի համար»: