կարևոր
1490 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-03 10:15

Պայթյուն գազալցակայանում. կա զոհ

Պայթյուն գազալցակայանում. կա զոհ

Ապրիլի 2-ին՝ ժամը 20:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Պարզվել է, որ Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղու մոտակայքում գտնվող «Ազգանաս Բեռնեցյան» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորման ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, ինչից գազալցակայանի աշխատակից Միքայել Թ.-ն (ծնված 1980թ.) տեղում մահացել է:

Պայթյունից վնասվել է մոտակայքում կայանված «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2121» և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենաները, փակել են գազի բալոնների փականները, փակել են գազալցակայանի գազի պահուստի ընդհանուր փականը, սահմանազատել են տարածքը և ապահովել են լուսավորությամբ: