Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ «Պատմելու եմ բաներ, որոնք ձեզ հետաքրքիր են, ներկայացնելու եմ իմ տեսլականները, գաղափարները։ Խոստանում եմ լինել շատ ազնիվ և պարզ»,- նշել է նա։
Առաջին զրույցում նա պատմում է 2019 թվականին փետրվարին Հռոմում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին։
Միքայել Մինասյանը նշել է, որ այդ ժամանակ Վանեցյանին ճանաչել է, սակայն մտերիմ չեն եղել և հանդիպել են Փաշինյանի հանձնարարությամբ։
Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե ինքը որոշակի սիմվոլիկ գումար վճարի ինչ-որ հիմնադրամի և որոշ ժամանակով չվերադառնա Հայաստան, դառնա ապաքաղաքական մարդ, ապա բոլոր քրեական հետապնդումները կդադարեցվեն։
«Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետև ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում է: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում անկեղծ համարել և համարում եմ պարզապես ստախոս, պարզապես անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և, ցավոք սրտի, պետք է ավելացնեմ՝ պետության թշնամի, որովհետեւ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետությունում եւ հայ ժողովրդի հետ, դա պարզապես դավաճանություն է»,-ասել է նա:
Միքայել Մինասյանը նշել է, որ դեսպանի աշխատանքը թողնելուց հետո աշխատանքի բազմաթիվ առաջարկություններ է ստացել տարբեր կազմակերպությունների եւ երկրների կողմից, սակայն մերժել է, քանի որ չէր կարող նստել եւ նայել, թե ինչպես է երկիրը կործանվում: «Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իմանալով այն ճանապարհը, որն ինձ սպասվում է․․․»
Մանրամասները՝ տեսանյութում։