կարևոր
1243 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-01 22:52

«Ես տուն չեմ ունենալու»․ Իլոն Մասկը հայտարարել է ունեցվածքը վաճառելու մտադրության մասին

Ամերիկացի գործարար՝ SpaceX-ի հիմնադիր և Tesla-ի ղեկավար, Իլոն Մասկը ծրագրում է վաճառել իր գրեթե ողջ ունեցվածքը: Համապատասխան հայտարարությունը գործարարն արել է իր թվիթերյան էջում:

«Ես վաճառում եմ գրեթե ողջ գույքս: Ես տուն չեմ ունենալու»,- գրել է Մասկը՝ որևէ մեկնաբանություն կամ պարզաբանում չանելով:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նա նշել է նաև, որ չափազանց բարձր է համարում Tesla ընկերության բաժենտոմսերի արժեքը: Ձեռնարկության արժեթղթերի գործակիցներն ուրբաթ օրը նվազել են 9.18 տոկոսով՝ հասնելով 710.07 դոլարի:

Ապրիլի 23-ին Institute for Policy Studies ամերիկյան կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ 2020-ի հունվարի 1-ից մինչև ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում Tesla և SpaceX ընկերությունների ղեկավարը հարստացել է 5 մլրդ դոլարով: Դրա պատճառներից մեկը Tesla-ի կողմից թոքերի արհեստական օդափոխման սարքերի արտադրություն սկսելն էր:

Bloomberg գործակալության գնահատականով՝ Մասկի կարողությունը գերազանցում է 39.7 մլրդ դոլարը: Նա 22-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: