կարևոր
1938 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 19:24

Դպրոցներում գնահատման համակարգը չի աշխատում, միգուցե ազնիվ լինենք եւ խոսենք այդ խնդիրների մասին․ Ժաննա Անդրեասյան

Դպրոցներում գնահատման համակարգը չի աշխատում, միգուցե ազնիվ լինենք եւ խոսենք այդ խնդիրների մասին․ Ժաննա Անդրեասյան

Մեր երեխաներին հետաքրքիր չէ, թե ինչ գնահատական են իրենք ստանում. գնահատման համակարգը չի աշխատում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին արտակարգ դրության պայմաններում կրթական գործընթացի կազմակերպմանը նվիրված քննարկման ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Գնահատականները հետաքրքրում են մեզ՝ ծնողներիս, հետաքրքրում են կրթական գործընթացի այլ մասնակիցներին։ Մենք փորձում ենք դա դրսեւորել իբրեւ պատժի մեխանիզմ՝ երեխային երկուս նշանակել կամ որեւէ այլ ցածր գնահատական, բայց չի ազդում նրանց վրա։ Դա կարող է նրանց վրա ազդել իբրեւ ծնողից վախ, դա կարող է նրանց վրա ազդել իբրեւ վախ որեւէ այլ պատժից, որը բուն գնահատականը չէ։ Եթե մենք այսօր խոսում ենք այդ խնդիրների մասին, միգուցե ազնիվ լինենք եւ խոսենք մեր գնահատման համակարգի խնդիրների մասին»,- ընդգծեց Անդրեասյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշում է կայացրել, համաձայն որի առնվազն 1-4 դասարաններում աշակերտները չեն գնահատվի։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր. «Մենք այս որոշումը կայացրել ենք դեռ մինչ հեռավար կրթության անցնելը։ Լինելու են խրախուսման նոր մեթոդներ, որոնք մենք կներկայացնենք մեր ուսուցիչներին, վերապատրաստումներ կիրականացվեն։ Այս համակարգով մենք երեխային չենք կապում գնահատականին, այլ կապում ենք գիտելիքի եւ կրթության հետ»: Դրանով հանրակրթության ոլորտում որոշակի հեղափոխություն է իրականացվում։ Նրա խոսքով՝ նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։