կարևոր
1531 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 17:08

Շիրակում հողամասերի ապօրինի պայմանագրերի կնքման փաստերով քրեական գործեր են հարուցվել

Շիրակում հողամասերի ապօրինի պայմանագրերի կնքման փաստերով քրեական գործեր են հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա հանրապետության 8 մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում շարունակվում են հանցագործության առերևույթ փաստերի հիման վրա քրեական գործերի հարուցման, դրանց շրջանակներում համայքններին հասցված վնասների վերականգնման և վարձակալության պայմանագրերի լուծման լայնածավալ գործողությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես ՀՀ Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Աշոցքի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզի Ձորաշեն համայնքի վարչական ղեկավար Գ. Ս.-ն 2006թ. օգոստոսի 21-ին համայնքային սեփականություն հանդիսացող 1 հա մակերեսով հողատարածքն աճուրդ վաճառքով՝ մրցութային հանձնաժողովի կողմից և իր համաձայնությամբ տրամադրել է իր կնոջը՝  25 տարի ժամկետով կնքելով տարեկան 4540 ՀՀ դրամ վարձավճարի չափով վարձակալության պայմանագիր: Ապա բառացիորեն երեք օր անց կինը նրա համաձայնությամբ հիշյալ հողատարածքը ենթավարձակալությամբ, տարեկան 480 հազար ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել է հեռահաղորդակցության կապի հայաստանյան օպերատոր ընկերություններից մեկին։ 2007թ. մայիսի  29-ին նույն ընթացակարգով Ձորաշեն համայնքի վարչական ղեկավարը կնոջը վարձակալության է հանձնել 1․58 հա մակերեսով համայնքապատկան այլ հողատարածք՝ կնքելով վարձակալության պայմանագիր տարեկան 7450 ՀՀ դրամ վարձավճարի չափով։ Ապա հիշյալ հողատարածքից 200 քմ տարածքը ենթավարձակալության պայմանագրով, առանց համայնքի համաձայնության, ամսեկան 85 հազար ՀՀ դրամ վարձավճարով, տրամադրվել է մեկ այլ կապի օպերատոր ընկերության, իսկ պայմանագրում նշվել, որ առկա է սեփականատիրոջ համաձայնությունը: Ենթավարձակալության նշված գործարքների արդյունքում համայնապետի ընտանիքը մինչև 2020թ. փետրվարի 17-ը ընդհանուր առմամբ ստացել է ավելի քան 19 մլն  ՀՀ դրամ շահույթ՝ նույնքան վնաս պատճառելով համայնքին։

Հաշվի առնելով, որ առերևույթ առկա են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև փաստաթղթերի կեղծման հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում և կատարվում է համատեղ քննություն: Համայնքի ղեկավարը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ): Վերջինս ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, 2 մլն դրամի չափով փոխհատուցել պատճառված վնասը՝ պարտավորվելով մնացած մասը ևս վերականգնել:

Մեկ այլ դեպքում Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Աստղաձոր համայնքի և համայնքապետի հետ միևնույն հասցեում գրանցված անձի միջև 2013թ. օգոստոսի 6-ին կնքվել է 0,105 հա հողամասի վարձակալության պայմանագիր՝ տարեկան 12 հազար 900 ՀՀ դրամ վարձավճարով։ Այնուհետև մի քանի օր անց, հողամասի գյուղատնտեսական նպատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում, վերջինս կապի օպերատոր ընկերություններից մեկի հետ կնքվել է ենթավարձակալության պայմանագիր՝ ամսական 40 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ տարեկան 480 հազար ՀՀ դրամ վարձավճարով։ Այդ կերպ Աստղաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է ընդհանուր առմամբ ավելի քան 3 մլն ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հողամասի վարձակալը դիմում է ներկայացրել Աստղաձոր համայնքի ղեկավարին՝ 18.04.2020թ.-ից վարձակալության իրավունքը դադարեցնելու մասին:

Իր հերթին համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե՝ հողամասի վարձակալության իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարելու մասին, ինչպես նաև, որպես փոխհատուցում, Աստղաձոր համայնքի բյուջե է վճարել ամբողջ վնասի՝ 3.075.075 ՀՀ դրամ գումարը:  

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: