կարևոր
1483 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-01 15:47

Առողջապահության փոխնախարարը հորդորում է բացառել աշխատավայրում ժողովների անցկացումը

Առողջապահության փոխնախարարը հորդորում է բացառել աշխատավայրում ժողովների անցկացումը

Հայաստանում տնտեսական գործունեության տեսակների, ազատ տեղաշարժի սահմանափակումների վերացմանը զուգահեռ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել կանոնները, մասնավորապես ախտահանել աշխատավայրերը, ժողովներ չանցկացնել կամ անցկացնել քիչ մարդկանցով, ջերմություն ունեցող աշխատակիցներին հնարավորություն տալ լքելու աշխատավայրը: Այս մասին մայիսի 1-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ անդրադառնալով մայիսի 4-ից ազատ տեղաշարժի սահմանափակման վերացմանը:

Նա նախ հիշեցրել է, որ արդեն սահմանվել էր ուղեցույց, թե աշխատավայրերում ինչպիսի կանոններ պետք է գործեն:

«Սկզբունքները նույնն են բոլոր տեսակի գործունեությունների համար՝ աշխատողների միջև, հաճախորդների հետ շփվելիս ապահովել սոցիալական հեռավորություն, հիգիենիկ տարբեր միջոցառումների իրականացում՝ ախտահանումներ, օդափոփոխություն, ձեռքերի հաճախակի լվացում: Այն դեպքերում, երբ աշխատողները կամ հաճախորդները կունենան ջերմություն, պետք է անպայման լքեն աշխատվայրը և դիմեն բժշկի: Մյուս կարևոր միջոցառումների շարքում է խոցելի խմբերի՝ 65 տարեկան և բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց հեռահար աշխատանքների կազմակերպումը՝ հնարավորության դեպքում: Տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է աշխատեն բացառել ժողովների անցկացումները կամ փոքրաթիվ անձանցով պետք է անցկացվեն՝ նորից ապահովելով սոցիալական հեռավորությունը»,-ասել է Նանուշյանը:

Փոխնախարարը կարևորել է նաև տարբեր կազմակերպություններում սննդի ընդմիջումներին սննդի ընդունման հետ կապված աշխատանքների կազմակերպումը՝ չթողնելով, որ մարդիկ կուտակվեն նույն վայրում: Մի քանի ուղղություններով ուղեցույցներ են մշակվել, որոնք կօգնեն գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները: Կանոններն ու ուղեցույցները հրապարակված կլինեն կառավարության կայքէջում, նաև Covid19.gov.am կայքում:

Հայաստանում  մայիսի  4-ից  մարդկանց  ազատ  տեղաշարժի  սահմանափակումները  կհանվեն,  հանրային  տրանսպորտի  արգելքը  կպահպանվի:  Գրեթե  բոլոր  սահմանափակումները  հանվելու  են,  մնալու  են  որոշ  սահմանափակումներ՝  տնտեսական  գործունեության  տեսակների  վերաբերյալ:  Մասնավորապես  մոլերը,  հանրախանութները  փակ  են  լինելու:  Բացվելու  է  մշակող  արդյունաբերությունը՝  բոլոր  տեսակներով:  Կգործեն  միայն  բացօթյա  ռեստորանները,  սրճարանները: