Մեկնարկում է 2019-2020 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական, միասնական և կենտրոնացված քննությունների կազմակերպման գործընթացը: Գնահատման և թեստավորման կենտրոնը մանրամասներ է ներկայացրել այդ գործընթացից:
ԳԹԿ-ն սույն թվականի փետրվարի 1-ից սկսել է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2019-2020 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (բանավոր) քննությունների (2020 թվականի բուհերի ընդունելության) կազմակերպման գործընթացը:
Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:
2019-2020 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է`
* 3×4 չափի լուսանկար`էլեկտրոնային տարբերակը,
* անձնագրի, նույնականացման քարտի կամ ծննդյան վկայականի պատճենը,
* ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ: Վճարումը կարելի է կատարել ցանկացած բանկում:
Միասնական և կենտրոնացված քննությունների վճարից ազատվում են հետևյալ դիմորդները`
* պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
*1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
*ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
*առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2020 թվականի մարտի 15-ն է:
Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի միասնական քննությունները տվյալ տարվա փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հունիսին հանձնվող միասնական քննություններն են:
Լրացուցիչ փուլը տվյալ տարվա հունիսի 24-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հուլիսին հանձնվող քննություններն են, որին կարող են մասնակցել
* Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներն ու օտարերկրացիները,
* օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
* նույն տարվագարնանային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները,
* նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:
Փաստաթղթերն ընդունվում են գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում, բուհում՝ հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18։00-ն: