կարևոր
1588 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 23:43

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահն ու հիմնադիր անդամը հրավիրվել են ոստիկանություն

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը և հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը հրավիրվել են ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, որտեղ պարզ է դարձել, որ կուսակցության իրականացրած միջոցառման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Արդարություն» կուսակցության լրատվական ծառայությունը։

Հայտարարությունում, մասնավորապես նշվում է.

«Ինչպես գիտեք, այսօր Արցախի «Արդարություն» կուսակցությունը նամակներ էր պատրաստել արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների և իր դիրքորոշման վերաբերյալ՝ ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին և ԱՀ ԱԳ նախարարին։ Միջոցառումն իրականացնելուց հետո, երեկոյան մեր կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը և հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը հրավիրվեցին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, որտեղ պարզ դարձավ, որ կուսակցության իրականացրած միջոցառման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու նպատակով։

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարում է․

Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը․ մենք դեմ ենք տարածքներ խաղաղության կամ բաց կոմունիկացիաների դիմաց բանաձևին։ Մենք անվտանգության գոտի կամ Արցախի շուրջ շրջաններ կամ սակարկման ենթակա տարածքներ չունենք։ Չերկրորդելով երկրում օրենքի գերակայությունը, մենք հավաստիացնում ենք, որ Արցախի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած հարց մեզ համար առաջնային է։ Արցախի «Արդարություն» կուսակցությունը պատրաստ է իր պայքարի բոլոր գործիքակազմով պայքարել հանուն Արցախի անվտանգության և միջազգային ճանաչման։ Ոչ մի քրեական գործ, ոչ մի ճնշում չի՛ կարող մեզ հետ պահել մեր դիրքորոշումից և շարունակական պայքարից։ Մենք պնդում ենք՝ Արցախը բեռ չէ, այլ արժեք»։