կարևոր
808 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-30 20:32

«Պատիվ ունեմ» ծրագրով դիմողները կհանձնեն 1 մասնագիտական քննություն

«Պատիվ ունեմ» ծրագրով դիմողները կհանձնեն 1 մասնագիտական քննություն

«Պատիվ ունեմ» ծրագրով դիմողները բուհ ընդունվելու համար պետք է հանձնեն 1 մասնագիտական առարկայից քննություն, ինչից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը կանցկացնի թեստավորում։ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«2020 թվականի բուհի ընդունելության քննությունների ժամանակ «Պատիվ ունեմ» ծրագրի դիմորդները կհանձնեն 1 մասնագիտական առարկայից քննություն։ Այդ քննությունից հետո Պաշտպանության նախարարությունը կանցկացնի 1 թեստ և դիմորդներն արդեն «գործ կունենան» ՊՆ-ի հետ»,- նշեց Հարությունյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կապված երկրում արտակարգ դրության և հակահամաճարակային միջոցառումների շրջանակում բուհերի ընդունելության քննություններն իրականացնում է այլ ձևաչափով՝ ավելորդ կուտակումներ թույլ չտալու նպատակով։ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: