կարևոր
2197 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-30 16:25

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով այս պահին ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով այս պահին ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել

Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացվել և շարունակում են իրականացվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունից։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ նշված միջադեպերին ևս 3 անձի առերևույթ մասնակցության վերաբերյալ, և վարույթն իրականացնող մարմինն այսօր՝ ապրիլի 30-ին, որոշում է կայացրել՝ նրանց ձերբակալու մասին, որի իրականացումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահի դրությամբ ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել:

Դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը:

Նախաքննությունը շարունակվում է: