կարևոր
633 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-30 15:38

ԵԱՏՄ երկրները հիմնական ապրանքների գծով պարենային ապահովության խնդիր չունեն. կա շաքարի ավելցուկ

ԵԱՏՄ երկրները հիմնական ապրանքների գծով պարենային ապահովության խնդիր չունեն. կա շաքարի ավելցուկ

Եվրասիական տնտեսական միությունում, անդամ երկրներում պարենային ապահովության առումով հիմնական ապրանքների գծով դեֆիցիտ չկա, կա անգամ շաքարի ավելցուկ: Այս մասին վստահեցրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ պարենային անվտանգության ոլորտում ԵԱՏՄ երկրների իրավիճակի վերաբերյալ՝ Երևան-Մոսկվա-Մինսկ առցանց տեսակամուրջի ընթացքում:

«Մենք ունենք առաջարկի և պահանջարկի հաշվարկներ, և վստահեցնում եմ, որ միությունում, միության երկրներում ոչ մի դեֆիցիտ գոյություն չունի: Ապրանքային խմբերի ճնշող մեծամասնության պարագայում մենք ամենուրեք ունենք ավելցուկ, մենք ունենք ավելցուկ՝ շաքարի, յուղի, մսի: Եզակի ապրանքային խումբը, որի առումով միությունում այսօր դեֆիցիտ կա, մրգերն ու հատապտուղներն են: Մրգերի և հատապտուղների առումով միությունն իրեն ապահովում է 40-45 տոկոսով, մնացածը ներմուծում է: Ապրանքային մնացած խմբերում պարենային անվտանգության խնդիր չկա»,-վստահեցրել է Քամալյանը:

Նա նշել է՝ ըստ իրենց կանխատեսումների՝ եթե ֆորս մաժոր չլինի, 2020 թվականին սննդի մատակարարման առումով մտահոգվելու առիթ չկա: Քամալյանը նկատեց՝ ֆորս մաժոր ասելով նկատի չունի կորոնավիրուսը, նա նշեց՝ կորոնավիրուսն արդեն ֆորսմաժոր չէ, այն իրականություն է:

Կորոնավիրուսը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում՝ այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրներում: Հայաստանում ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների շրջանում արձանագրվել է մահվան 32 դեպք: Միության անդամ երկրներից Ռուսաստանում հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 106 հազարը: