Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը Աշոտ Ղուլյանի նախագահությամբ ապրիլի 30-ին գումարել է 11-րդ նստաշրջանի հերթական նիստը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
«Բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ համավարակի տարածման վտանգի և հետագայում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում համապետական ընտրություններին մասնակցության և նոր իշխանությունների ձևավորման գործում իրենց սահմանադրական իրավունքի պատշաճ իրացման համար: Աշոտ Ղուլյանը ԱՀ նորընտիր նախագահին և 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական ուժերին մաղթել է արդյունավետ գործունեություն և հույս հայտնել, որ նրանք ևս ջանք չեն խնայելու ամրապնդել անկախ պետականության հիմքերը և նոր մակարդակի բարձրացնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ խորհրդարանական դիվանագիտությունը:
Խորհրդարանի ղեկավարը նաև ընդգծել է, որ գործող Ազգային ժողովը, առաջնորդվելով երկրի Սահմանադրությամբ և ԱԺ Կանոնակարգ-օրենքով, մինչև լիազորությունների ավարտը՝ մայիսի 21-ը, իրականացնելու է խորհրդարանին վերապահված գործառույթները՝ պահպանելով հարցերի քննարկման ընթացակարգերն ու ժամկետները:
Նիստի օրակարգը հաստատելուց առաջ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն առաջարկել է նիստի օրակարգից հանել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշելով, որ խմբակցությունը նախագծի վերաբերյալ անհամաձայնություններ ունի: Նախագծի հեղինակ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ընդունել է խմբակցության առաջարկը: Արդյունքում՝ օրինագիծը հանվել է նիստի օրակարգից:
Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը լսել է ԱՀ նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև ընթացիկ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:
Ընդմիջումից հետո նիստը կշարունակվի «Օրենսդիր-գործադիր» հարցուպատասխանի ընթացակարգով»,- ասված է հաղորդագրության մեջ: