կարևոր
1987 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 14:45

Տիգրան Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի. Վահան Հունանյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է լուրերը, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարական է տվել։ Վահան Հունանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ վստահեցրել է, որ Տիգրան Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի։

«Քանի որ ֆեյքնյուզին մոտ կանգնած լրատվամիջոցները և իրենց ծափ տվող որոշ օգտատերեր, շարունակելով ապրել ֆանտազիաների աշխարհում, փորձում են իրենց համար ցանկալին իրականության տեղ ներկայացնել, ևս մեկ անգամ նշեմ, որ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի»,- գրել է Հունանյանը:

Տիգրան Ավինյանի հրաժարականի մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին աշխատակից Գևորգ Աճեմյանը։