կարևոր
1567 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 12:30

1000 քաղաքացու համար ժամանակավոր աշխատանք կստեղծվի. հաստատվեց հակաճգնաժամային 15-րդ միջոցառումը

1000 քաղաքացու համար ժամանակավոր աշխատանք կստեղծվի. հաստատվեց հակաճգնաժամային 15-րդ միջոցառումը

Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 15-րդ միջոցառումը, որը զեկուցեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ նպատակն է բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելը:

Միջոցառման շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կկազմակերպվեն Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի անպաշտպան անտառաշերտերի հիմնում:

Աշխատանքները կներառեն ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների՝ ուռենու կտրոնների տնկման և ծառատունկի տարածքի ցանկապատման աշխատանքները։

Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք կմասնակցեն սույն հավելվածի 3-րդ կետում նշված աշխատանքներին: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։

Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։

Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, որոնք կմասնակցեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։

Նախարարը հայտնեց, որ աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200,000.0 հազար դրամ, իսկ ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

«Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին»,-ասաց շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ երեք կազմակերպության միջոցով մարզերում ծառատունկ կիրականցվի, որը կլինի վճարովի աշխատանք և շուրջ 1000 քաղաքացու համար ժամանակավոր աշխատանք կստեղծվի: «Մենք մտածում ենք այս ծրագիրը դարձնել շարունակական, որը սեզոնայնություն ունի»,-ասաց նա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ սեզոնային աշխատանքի դեպքում համատեղելու հնարավորություն են տվել նպաստի համակարգում ներգրավվածներին: «Պետք է խրախուսեմ, որ քաղաքացիները դիմեն` առանց այդ մտավախությունն ունենալու: Եվ կազմակերպություններին էլ պետք է դիմեմ, որ ներգրավեն այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն»,-ասաց նա: