կարևոր
1417 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 12:15

Կառավարությունը հաստատեց փրկարարական ծառայողների համազգեստի ընդհանուր ձևը

Կառավարությունը հաստատեց փրկարարական ծառայողների համազգեստի ընդհանուր ձևը

Կառավարությունը նոր որոշմամբ սահմանեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների համազգեստի ընդհանուր ձևը, ինչպես նաև այդ համազգեստի տրման կարգը և օգտագործման ժամկետները:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշված է.  

«Նկատի ունենալով, որ թվային պատկերով ամենօրյա քողարկող համազգեստը հիմնականում օգտագործվում է ՀՀ զինված ուժերի բանակային ստորաբաժանումներում, Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ծառայողների համար նախատեսել նոր, մուգ կանաչ գույնի համազգեստ, որպես ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի պահանջ, իսկ քողարկող համազգեստը կդառնա փրկարարների համար այլընտրանքային տարբերակ:

Այդ փոփոխության արդյունքում (քողարկող համազգեստը մուգ կանաչ համազգեստի փոխարինման արդյունքում) նոր համազգեստի քանակային ավելացում չի նախատեսվում, իսկ մեկ միավորի հաշվարկով տնտեսվում է մինչեւ 500 ՀՀ դրամ (քողարկող համազգեստի մեկ միավորի ձեռք բերման արժեքը 10 500 դրամ է, իսկ Նախագծով ներկայացվող մուգ կանաչ համազգեստի մեկ միավորի նախնական արժեքը կազմում է 10 000 դրամ):

Այսպես, քաղաքացիական պաշտպանության գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների շուրջ 400 փրկարարական ծառայողների հաշվարկով տարեկան կտնտեսվի մոտ 200 000 ՀՀ դրամ, նկատի ունենալով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ու նրա տեղակալների գործառույթների առանձնահատկությունները, դեպքի վայր մեկնելը, մասնագիտական ընդունելությունների կազմակերպումը, օտարերկրյա գործընկերների հետ հանդիպումները, սահմանամերձ հենակետեր գործուղումները եւ այլն, նրանց համար նախատեսել սեւ գույնի ամենօրյա համազգեստ, որը մեկ միավորի հաշվարկով կկազմի մինչեւ 50 000 դրամ, իսկ կրման ժամկետի սահմաններում ընդամենը մեկ միլիոն դրամ, որը կարելի է ձեռք բերել ի հաշիվ քողարկող համազգեստից հրաժարվելու արդյունքում առաջացած տնտեսումների (ինչպես նշվեց, 400 հոգու քողարկող համազգեստի մեկ միավորի 500 դրամի չափով տնտեսման արդյունքում տարեկան կառաջանա 200 000 դրամ տնտեսում),

Փոփոխել տոնական համազգեստի կրման ժամկետը, այն 5 տարվա փոխարեն դարձնել 10 տարի:

Այդ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ փրկարարական ծառայողները տոնական համազգեստը տարեկան գործածում են միայն օրենքով սահմանված տոնական օրերի ժամանակ՝ ընդամենը 5 անգամ, ինչի արդյունքում տոնական համազգեստը չի կարող մաշվել 5 տարվա ընթացքում:

Նշված փոփոխությունը, միավորի հաշվարկով հինգ տարում կհանգեցնի շուրջ 53 հազար դրամի տնտեսման, որով կարելի է ձեռք բերել Նախագծով նախատեսվող հրշեջ-փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար խիստ անհրաժեշտ թիկնոց-անձրեւանոց, փրկարարի ձմեռային կիսաերկար բաճկոն, ջրափրկարարի ամառային համազգեստի լրակազմ, առավել անվտանգ դարձնել փրկարարի հատուկ ու պաշտպանիչ համազգեստը, փոփոխել գլխարկների կոկարդները:

Այսպես, գործող որոշմամբ սահմանված մեկ տարվա համար ներկայացված խմբաքանակի ձեռք բերման արժեքը մեկ ծառայողի հաշվարկով կազմում է 50 000 – 60 000 ՀՀ դրամ: Նախագծով նախատեսված ժամկետում մեկ ծառայողի հաշվարկով կտնտեսվի շուրջ 15 000 - 20 000 ՀՀ դրամ:

 Նախագծում լրացվել են լեռնափրկարարի եւ ջրասուզակի հանդերձանքի բացվածքն ու նկարները, ինչը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական ծախսերի:

Նկարագրության մեջ նշվում է, որ Փրկարարական ծառայության միասնական վահանաձեւ տարբերանշանը խորհրդանշում է փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» եւ անգլերեն թարգմանությամբ «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձեւ, 10 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» եւ անգլերեն թարգմանությունը` «RESCUE SERVICE»: Կարվում է աջ թեւքի վրա»: