կարևոր
2001 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-29 21:02

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Զրուցակիցները քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերները և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերը: 

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին: Արցախում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է Արցախում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների կարևորությունը մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման տեսակետից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած տեսակոնֆերանսին, որի արդյունքում ընդունվել է համատեղ հնգակողմ հայտարարություն։ Այս առնչությամբ երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի պայմաններում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: