Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման կառավարության հաստատած ծրագրերի հայտերի մոտ 40%-ը մերժվել է: Այս մասին ապրիլի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Այս մեկ ամսվա ընթացքում հայտերի գրեթե 60%-ը բավարարվել են, մոտ 40%-ը՝ մերժվել են, որովհետև չեն համապատասխանել ոլորտային այն գործունեության տեսակներին, որոնք կառավարության կողմից հայտարարված են, որպես աջակցության թիրախային շրջանակ: Կառավարությունն այս պարզեցված եղանակով նպատակ ունի աջակցել այն կազմակերպություններին, որոնք ոլորտային առումով մեծ չափով են տուժել կորոնավիրուսի տարածման հետևանքով»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարը նշեց, որ մերժման խնդիր է դարձել նաև հարկային ոչ պատշաճ պատմությունը:
ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում է հաստատել։