կարևոր
1030 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-29 15:25

ԱԺ-ն ընդունեց պարետի դերն ու ընդունած ակտերի կարգավիճակը հստակեցնող օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց պարետի դերն ու ընդունած ակտերի կարգավիճակը հստակեցնող օրինագիծը

 Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, ըստ էության, առաջարկվում է հստակեցնել պարետի, պարետատան դերը, կարգավիճակը, պարետի կողմից ընդունված ակտերի բնույթը: Փաթեթն ԱԺ նիստում ստացավ 87 կողմ, 16 դեմ և 16 ձեռնպահ ձայներ:

Փաթեթով հստակեցվում է պարետի, պարետատան դերը, կարգավիճակը, պարետի կողմից ընդունված ակտերի բնույթը: Սահմանվել է, որ արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ սահմանված լինելու դեպքում վարչապետը կամ փոխվարչապետը կարող են հանդես գալ որպես պարետ: Ֆիքսվել է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում պարետը կարող է ընդունել ակտեր, որպես համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված ակտ, այդ թվում նաև ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

Նախատեսվել է նաև համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը սահմանափակելու հնարավորություն՝ համաճարակի տարածումը կանխելու նպատակով: Սահմանվել է, որ անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված կարգադրությամբ: Կարգադրության տրամադրման հիմնական ձևը գրավոր ձևն է: Իսկ եթե դա անհնար է տվյալ պահին, ապա այն կարող է տրամադրվել բանավոր՝ պայմանով, որ անձի պահանջով մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ձևակերպվի գրավոր:

Նախատեսվել է, որ անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին անձը պետք է տեղեկացվի՝ անձնական ազատության սահմանափակման դեպքում: Նախագծով նշվել է, որ պարետատունը ստեղծվում է կառավարության որոշմամբ, նախկին խմբագրությամբ հաստատվել էր՝ պարետի կողմից:

Հայաստանում, կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, գործում է արտակարգ դրության ռեժիմ: