կարևոր
2129 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-29 15:20

Խորհրդարանը հավանություն տվեց բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին

Խորհրդարանը հավանություն տվեց բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին

 ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է հավանության արժանացնել 150 մլրդ դրամանոց փաթեթ: 

 «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին ԱԺ նիստում քվեարկությամբ կողմ արտահայտվեց 101 դեմ՝ 17 պատգամավոր:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, թե հաշվի առնելով կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված ներքին և արտաքին շոկերի առկայությունը՝ ներկայացված նախագծի հիմքում դրված սցենարի գնահատականն այն է, որ կլինի 2 տոկոս անկում: 2020 թվականի բյուջեի մասին օրենքով հաստատվել էին բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4.9 տոկոս մեծության կանխատեսում:

Նախարարը նշել էր, որ, ըստ էության, մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ է առաջարկվում հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ենթադրաբար մոտ 80 մլրդ դրամ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման և մոտ 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցներ վերաբաշխելու համար:

Այդ նախագծի սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կամ պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտ 260 մլրդ դրամ: Սցենարի շրջանակում մոտ 169 մլրդ դրամ հարկային եկամուտների՝ ծրագրվածից ցածր կատարում է կանխատեսվում: Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ, որը կկազմի կանխատեսվող ՀՆԱ-ի 5 տոկոսը: Ծախսերը կպահպանվեն գրեթե նույն մակարդակի: 

Նախագիծը թեժ քննարկման էր արժանացել խորհրդարանի նիստում, մի խումբ պատգամավորներ հայտնել էին իրենց մտահոգությունները՝ մասնավորապես ԱԺ-ի հնարավորություններին առնչվող հատվածի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան»-ը հայտնել էր, որ «կողմ» է քվեարկելու՝ ստորադասելով իր կուսակցական շահը: