836 դիտում, 2020.04.29 14:41

Պատրաստ չեք լինել իշխանություն, որ ձեզանից պահանջեն, ասեք` պատրաստ չենք․ Էդմոն Մարուքյանը պատասխանել է Անուշ Բեղլոյանին

Պատրաստ չեք լինել իշխանություն, որ ձեզանից պահանջեն, ասեք` պատրաստ չենք․ Էդմոն Մարուքյանը պատասխանել է Անուշ Բեղլոյանին

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին մեղադրեց քաղաքացիական անհնազանդություն հրահրելու մեջ, Մարուքյանը արձագանքեց՝ իշխանությունը պատրաստ չէ, որ իրենից պահանջեն:

 Բեղլոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում՝ անդրադառնալով Մարուքյանի ավելի վաղ հնչեցված՝ կառավարության խնայողություններից քաղաքացիներին գումար տալու առաջարկին:

«Արվում է հետաքրքրիր մի մանիպուլյացիա, երբ դրամական միջոցների հոսքերը և ֆինանսական կառավարման սկզբունքները խառնվում են իրար: Շատ պարզ օրինակ բերեմ՝ եթե ես իմ դրամապանակում ունեմ 1000 դրամ, որից զանգահարելով արդեն պատվիրել եմ 800 դրամի ապրանք, դա չի նշանակում, թե ես 1000 դրամ ունեմ իմ դրամապանակում, ես ունեմ ընդամենը 200 դրամ: Եվ հնարավոր չէ ինձ ասել՝ 1000 դրամ տուր: Էդմոն Մարուքյանի ելույթներում ես տեսա մի շատ հետաքրքիր և վտանգավոր միտում: Նա հրահրում է սոցիալական անկայունություն: Սոցիալական և քաղաքացիական անկարգություններ է հրահրում իր ելույթներով՝ ասելով  քաղաքացիներին, թե այնտեղ փող կա, գնան, պահանջեն»,-ասաց Բեղլոյանը:

Պատգամավորը կոչ արեց բարձր ամբիոնից նման կոչեր, մանիպուլյացիաներ չանել՝ նշելով որ դա վտանգավոր է պետության կայունության համար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արձագանքեց, թե բնավ քաղաքացիական անհնազանդության կոչեր չի անում: «Ամբողջ իշխանությունը հիմա ուզում է հերքել այն թեզերը, որ մենք ասել ենք: Մենք հավաքվել ենք այստեղ, որ ճիշտը մարդկանց ասենք: Հիմա մարդկանց ասում ենք, որ ունեն խնայողություններ, կառավարությանն առաջարկում ենք, որ խնայողություններից աջակցեն, կառավարությունն ասում է, որ չկա այդ փողը: Այդ դեպքում թող ասի, թե որքան կարող է աջակցել: Մենք ասում ենք, որ տեսնում ենք 100 մլրդ ազատ փող»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց՝ շատերի լույսն ու գազն անջատել են, արտագնա աշխատողները տանը նստած են, չպահանջե՞ն աջակցել: Նա շեշտեց՝ դրանում մանիպուլյացիա չկա, դա ժողովրդի փողն է: «Որ ասում եմ՝ ժողովուրդ, պահանջեք, դա քաղաքացիական անհնազանդությո՞ւն է: Երբ պահը  գալիս է, որ պետությունը պետք է աջակցի, ասում եք՝ մի պահանջեք: Ո՞վ է իմ կոչով քաղաքացիական անհնազանդություն արել: Պատրաստ չեք լինել իշխանություն, որ ձեզանից պահանջեն, ասեք՝ պատրաստ չենք»,-ասաց նա:

Ավելի վաղ ԼՀԿ-ն առաջարկել էր 100­հազարական դրամ տրամադրել շուրջ կես միլիոն ընտանիքի, ինչպես նաև կրկնակի վճարել թոշակները: Մարուքյանը նշել էր, որ այդ փողը կա՝ պետությունը մոտ 300 մլրդ խնայողություն ունի ԿԲ գանձապետական միասնական հաշվում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքել էր՝ ասելով, որ գանձապետական միասնական հաշվի մնացորդն ազատ միջոց չէ, և հետևաբար, կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ միջոց: Մարուքյանը համաձայնել էր, որ այդ ամբողջ գումարն ամբողջությամբ ազատ գումար չէ, սակայն նշել էր, որ դրա մի մասը խնայողություններ են, որ կառավարությունը կարող է ծախսել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: