կարևոր
1182 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-29 14:35

Պարետի դերն ու ընդունած ակտերի կարգավիճակը հստակեցնող օրինագծում արվել են փոփոխություններ

Պարետի դերն ու ընդունած ակտերի կարգավիճակը հստակեցնող օրինագծում արվել են փոփոխություններ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված՝ պարետի, պարետատան դերը, կարգավիճակը, պարետի կողմից ընդունված ակտերի բնույթը հստակեցնող օրինագիծը, որում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Նախագծով, ըստ էության, առաջարկվում է հստակեցնել պարետի, պարետատան դերը, կարգավիճակը, պարետի կողմից ընդունված ակտերի բնույթը: Սահմանվել է, որ արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ սահմանված լինելու դեպքում վարչապետը կամ փոխվարչապետը կարող են հանդես գալ որպես պարետ: Նախագծով սահմանվել է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում պարետը կարող է ընդունել ակտեր, որպես համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված ակտ, այդ թվում նաև ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

Նախատեսվել է նաև համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը սահմանափակելու հնարավորություն՝ համաճարակի տարածումը կանխելու նպատակով: Սահմանվել է, որ անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված կարգադրությամբ: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում անձնական ազատության սահմանափակման՝ բանավոր ձևով իրականացվող կարգադրության վերաբերյալ հստակեցում է արվել ընդդիմադիր երկու խմբակցությունների առաջարկներով: Փոփոխված տեքստում սահմանվելու է՝ կարգադրության տրամադրման հիմնական ձևը գրավոր ձևն է: Իսկ եթե դա անհնար է տվյալ պահին, ապա այն կարող է տրամադրվել բանավոր՝ պայմանով, որ անձի պահանջով մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ձևակերպվի գրավոր:

Հստակեցվել են նաև երաշխիքները, նախատեսվել է, որ անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտկանությունների մասին անձը պետք է տեղեկացվի՝ անձնական ազատության սահմանափակման դեպքում: Նախագծով նշվել է, որ պարետատունը ստեղծվում է կառավարության որոշմամբ, նախկին խմբագրությամբ հաստատվել էր՝ պարետի կողմից:

Ընդդիմադիր երկու խմբակցությունների որոշ առաջարկներ ընդունվել են, որոշները՝ ոչ: