կարևոր
2298 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-29 14:33

Չհաջողվեց կառավարել իրավիճակը․ մարզպետը մանրամասներ է ներկայացրել Գավառում տեղի ունեցած միջադեպից

Չհաջողվեց կառավարել իրավիճակը․ մարզպետը մանրամասներ է ներկայացրել Գավառում տեղի ունեցած միջադեպից

Գեղարքունիքի Գավառ քաղաքի Ազատության պողոտայում ապրիլի 28-ին տեղի ունեցած միջադեպից հետո  զարգացումները չհաջողվեց կառավարել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Մարզպետը նշեց, որ Գեղարքունիքի Գավառ քաղաքի Ազատության պողոտայում ապրիլի 28-ին տեղի  ունեցած փոխհրաձգությունից հետո մի խումբ քաղաքացիներ փորձել են հաշվեհարդար տեսնել այդ հրաձգության մասնակիցներից մեկի նկատմամբ և հարձակվել են Գավառի բժշկական կենտրոնի վրա։ 

Հարցին՝  արդյոք հարձակման ժամանակ նա հիվանդանոցում է եղել,  Սանոսյանը պատասխանեց, որ անձամբ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ միասին եղել են Գավառի Ազատության պողոտայում։

«Հիվանդանոցում եղել են փոխմարզպետը, ոստիկանության բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ։ Եվ հիվանդանոցում են եղել պաշտոնյաներ, և դեպքի վայրում»,- ասաց Սանոսյանը։

Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ չհաջողվեց կառավարել իրավիճակը․ խնդիրը մարդկանց և ոստիկանության քանակի մեջ էր։

«500-ից ավելի մարդիկ են եղել ականատեսների վկայությամբ և տեսաձայնագրությունն է նման պատկեր տալիս։ Իրավիճակը կառավարումից դուրս էր եկել, հաշվի առնելով այն, որ տարբեր մուտքերից քաղաքացիները փորձել են մուտք գործել»,- նշեց Սանոսյանը։

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ։ Ինչպես կրակոցներով, այնպես էլ հիվանդանոցի հարձակման դեպքերով կան բերման ենթարկվածներ։