կարևոր
1615 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-29 13:18

Նոր ծրագրեր, գաղափարներ. Գրականության և արվեստի թանգարանը հետաքրքիր է նաև օնլայն հարթակում

Նոր ծրագրեր, գաղափարներ. Գրականության և արվեստի թանգարանը հետաքրքիր է նաև օնլայն հարթակում

  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը կորոնավիրուսի տարածման հետևանքով արտակարգ օրերին ակտիվ գործունեություն է ծավալում վիրտուալ տիրույթում՝ առաջարկելով ճանաչողական, տեղեկատվական ու գեղարվեստական հարուստ նյութեր:
Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ օնլայն հարթակում իրենց լսարանը բազմապատկվել է, իսկ հրապարակված նյութերի դիտումների քանակը հասել է 40 հազարի:
Նրա խոսքով՝ սա մի կողմից ուրախացնում և ոգևորում է, իսկ մյուս կողմից գործունեության այն եղանակը չէ, որը սիրում են: Թանգարանի աշխատակիցները սովոր են ակտիվ շփման, քանի որ թանգարանը մշտապես մարդաշատ է:
«Այս օրերին փոքր խմբերով հավաքվում ենք թանգարանում, որպեսզի նոր գաղափարներ առաջարկենք, ֆոնդերից նոր նյութեր առանձնացնենք մեր հետևորդների սպասելիքներն ու ակնկալիքներն արդարացնելու համար»,-նշեց նա:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի՝ թանգարանի միջոցառումներին՝ Վարդանյանն ընդգծեց, որ տարբեր ծրագրեր են ներկայացրել, որոնք ընդգրկել են և՛ գրականությունը, և՛ արվեստը:
«Որպեսզի կրկին չհիշեցնենք այդ ողբերգության սարսուռները, մենք ավելի շատ հատուցման վրա ենք շեշտը դրել: Ներկայացրել ենք մի քանի նշանավոր գործչի, որոնք անմիջական կապ են ունեցել գաղթի հետ: Բավականին հիմնավոր անդրադարձանք Խաչիկ Դաշտենցին, որի 110-ամյակն է լրանում մայիսի 25-ին: Հրապարակեցինք և՛ կենսագրությունը, և՛ նրա հիմնական ստեղծագործական գործունեությունը, մասնավորապես, վեպերը՝ «Խոդեդան», «Ռանչպարների կանչը», որը պատմում է ցեղասպանությունը վերապրածների, ազատագրական պայքարի մասին: Ներկայացրինք նաև իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանին: Նա 80-ականներին վնասվեց «Ասալա»-ի ռումբից և գամվեց սայլակին: Այդ միջադեպի պատճառով սկսեց ուսումնասիրել մեր պատմությունն ու դարձավ մեր բարեկամը: Նա գրքեր գրեց մեր մասին, դասախոսություններով հանդես եկավ»,-պատմեց Վարդանյանը:
Թանգարանը չի մոռացել նաև գրող, ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս Գուրգեն Յանիկյանին, որի 125-ամյակն է այս տարի: Հիմնավոր ներկայացվել է վերջինիս կենսագրությունը, վրիժառու արարքի դրդապատճառները: Օգտագործվել են նաև տեսանյութեր:
Թանգարանի տնօրենը, հատկապես կարևորեց «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով ծրագիրը, որը դեռ շարունակվում է:
«Այն շատ մեծ լսարան ապահովեց: Մեր ֆոնդերից, արխիվներից ընտրել ենք Հայոց ցեղասպանության հետ առնչություն ունեցող տասնյակից ավելի գործիչների նամակները՝ ուղղված իրենց հարազատներին: Նամակները մի քանի լեզվով թարգմանել և ուղարկել ենք հայ և օտարազգի մշակույթի և արվեստի գործիչների՝ ակնկալելով պատասխաններ: Պատկերացրեք՝ ամեն նամակին մի քանի պատասխան ստացանք: Դրանք հրապարակում ենք «Ֆեյսբուք»-ի մեր էջում: Շատ հետաքրքիր է, թե ինչպես է օտարը պատասխանում օրինակ՝ Օտյանին: Պատասխանելու համար նա պետք է ուսումնասիրի ցեղասպանության պատմությունը, փորձի հասկանալ մահվան դատապարտված մտավորականին և 100 տարվա հեռուներից պատասխանի նրան»,-ներկայացրեց Կամո Վարդանյանն ու հավելեց, որ մշակել են ծրագրեր՝ նվիրված մայիսին:
Անդրադառնալու են մայիսյան բոլոր հաղթանակներին: