կարևոր
1257 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-29 13:11

Մնա տանը, էլեկտրականությամբ կապահովենք․ Հայկական ԱԷԿ

Մնա տանը, էլեկտրականությամբ կապահովենք․ Հայկական ԱԷԿ

Մնա տա՛նը։ Այս կոչը մենք լսում ենք ամեն օր։ Ինքնամեկուսացումը, թերևս մնում է կորոնավիրուսի համաճարակի տարածման դանդաղեցման ամենագործուն միջոցը։ Այդպիսով, մեծահասակները շարունակում են հեռավար աշխատանքը, երեխաները՝ հեռավար ուսումը, ազատ ժամանակն անցկացնում են սիրած ֆիլմերը դիտելով, լրատվական կայքերում հետևում են իրադարձությունների զարգացմանն ու շփվում են սոցցանցերում։ Ժամանակակից աշխարհում գիտելիքներն ու զվարճանքը հասանելի են դարձել բոլոր նրանց համար, ովքեր ունեն ինտերնետին միացված հեռախոս կամ համակարգիչ։ Այստեղ հիշում ես հետևյալ անեկդոտը՝ Wikipedia-ն ամեն ինչ գիտի, Google-ն ամեն ինչ կգտնի, Facebook-ը ճանաչում է բոլորին, սակայն այս ամենը ոչինչ են առանց էլեկտրականության։

Այսօր մեզ համար էլեկտրականության առկայությունը արտառոց չէ։ Սակայն նրանք, ովքեր 30-ից բարձր տարիք ունեն, գիտեն ինչ բան է ժամով հոսանքը, անհնարինությունն օգտվել տան էլեկտրական սարքերից, երբ ցանկանաս։ Եվ որպեսզի մեզ համար հարմարավետ լինի կարանտինն անցկացնել տանը, հազարավոր էներգետիկներ աշխատում են անդադար ռեժիմով։ Արտակարգ իրավիճակի և շարունակվող կարանտինի պայմաններում էներգետիկ ձեռնարկությունները շունչ քաշելու ժամանակ չունեն և պարտավոր են խստացնել պրոֆիլակտիկ միջոցառումները՝ թույլ չտալու վիրուսի ներթափանցումն աշխատակիցների շրջանում։

Այժմ, երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի 1/3-ը մենք ստանում ենք հայկական ԱԷԿ-ից։ Ինչպես է հիմա աշխատում կայանը, որպեսզի երկիրն ունենա բավականաչափ էներգիա այս դժվարին ժամանակաշրջանում։

Կարանտինի հայտարարելու պահից սկսած հայկական ԱԷԿ-ում ստեղծվեց օպերատիվ արձագանքման շտաբ և ընդունվեց կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիր։ Շտաբը հատուկ ուշադրություն է դարձնում նախամուտքին, ճաշարանին և ծառայողական սենյակներին։ Մասնավորապես նախամուտքում հատակին գծանշումներ են արված՝ սոցիալական հեռավորությունը ապահովելու նպատակով։ Կայանի ամբողջ կոլեկտիվին բաժանվել են COVID-19-ի վարակից պաշտպանվելու վերաբերյալ պրոֆիլակտիկ ուղեցույցներ։ 

Միջոցառումները սկսվում են նախքան կայան ժամանելը․ աշխատակիցներին ԱԷԿ բերող միկրոավտոբուսը փոխարինվել է ավելի մեծ տարողության ավտոբուսով, որում ուղևորները կարող են պահպանել սոցիալական հեռավորությունը։ Կայան ժամանելիս, նախամուտքում յուրաքանչյուր աշխատակից պարտադիր ջերմաչափվում է, և եթե աշխատակցի ջերմությունը 37-ից բարձր է, ապա նրան չի թույլատրվում մուտք գործել կայանի տարածք։ Հերթափոխի ընթացքում աշխատակիցները կրկին ջերմաչափվում են։

Արտակ Նավասարդյան, ԱԷԿ-ի հերթափոխի պետ «Կարանտինի շրջանում արգելվում է այլ անձանց մուտքը ԱԷԿ-ի տարածք, բացի հաստիքային աշխատակիցներից, չեղարկվել են գործուղումները, աշխատող հերթափոխների համար սահմանվել է 12 ժամյա գրաֆիկ, իսկ բոլոր խորհրդակցություններն անցկացվում են ներքին կապի միջոցով՝ առանց անմիջական կոնտակտի։ ՀԱԷԿ-ի աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանիչ անհրաժեշտ միջոցներով՝ բժշկական դիմակ, ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ։ Օրվա ընթացքում ախտահանվում են նաև սենյակներն ու տրանսպորտային միջոցները, վերջինները, երբեմն, մի քանի անգամ։ Բոլոր իրերը, որոնց հետ մենք առնչություն ենք ունենում՝ հեռախոսներ, սեղաններ, դռների բռնակներ և այլն, պարտադիր մշակվում են ախտահանիչ նյութերով։ Մեծ կոլեկտիվում վարակի տարածման վտանգը նվազեցնելու, օպերատիվ անձնակազմի առավելագույն մեկուսացման համար ներդրվել են լրացուցիչ միջոցներ․ սահմանափակվել է մուտքը կառավարման վահանակի սենյակ, այսպես կոչված, ցերեկային հերթափոխի համար, լինի դա տնօրեն, գլխավոր ինժեներ, թե արտադրամասի պետ»։

Սուսաննա Ավետիսյան, ՀԱԷԿ-ի վարչատնտեսական բաժնի պետ «Դեռ մարտ ամսին որոշում ընդունվեց, որ աշխատակիցները, որոնք կարող են կատարել իրենց պարտականությունները տնից՝ անցնեն աշխատանքի հեռավար ռեժիմի։ Շնորհիվ սանիտարական պրոֆիլակտիկ միջոցների, հայկական ԱԷԿ-ում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի վարակի դեպք չի գրանցվել։ Կայանն աշխատում է անվտանգ ռեժիմով ու շարունակում է էլեկտրաէներգիա արտադրել նախատեսված ծավալներով»։

Արմինե Մելիքյան, ՀԱԷԿ-ի տեխնիկ-օպերատոր «Ես հիմա աշխատում եմ տնից՝ պահպանելով մեկուսացման բոլոր նորմերը։ Մենք բոլորս ցանկանում ենք հնարավորինս արագ վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին, սակայն հիմա չափազանց կարևոր է պատասխանատվությամբ մոտենալ իրավիճակին, պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները, միևնույն ժամանակ՝ արժանապատվորեն կատարել աշխատանքը»։

Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցներ «Մնա տա՛նը, աշխատիր առցա՛նց, սովորիր հեռավա՛ր, էլեկտրականությունը մենք կապահովենք»։