Ցանկացած արժեքային երեւույթ, որը գիտակցաբար փչացնում են պառլամենտի ամբիոնից, պետք է վերականգնվի հենց պառլամենտի ամբիոնից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ընկերներ եւ գործընկերներ,
Ես շնորհակալ եմ, որ երեկ Ազգային ժողովում կատարված միջադեպի կապակցությամբ տեսա եւ լսեցի ձեր դատապարտող գնահատականները: Ես դա չեմ ընդունել միայն որպես իմ անձին սատարում, այլ առաջին հերթին` որպես մշակույթը փոխելու կամք: Դա ինձ համար կարեւոր է: Եվ ես վստահ եմ, որ ով էլ հայտնվի նման միջադեպի կենտրոնում, անկախ այդ անձի քաղաքական, գաղափարական տեսակից, դուք եւ նաեւ ես նրան կպաշտպանենք:
Ստացածս նամակների ասելիքը հիմնականում հետեւյալն էր` չհիասթափվես եւ չնեղվես: Հիասթափվում ես, երբ ունես բարձր սպասելիքներ: Չեմ նեղվում, որովհետեւ ցանկացած երկար ճանապարհ նեղություն է:
Ներողամիտ եմ, բայց կարծում եմ, որ ցանկացած արժեքային երեւույթ, որը գիտակցաբար փչացնում են պառլամենտի ամբիոնից, պետք է վերականգնվի հենց պառլամենտի ամբիոնից թեկուզ առանց անձնավորման:
Եվ խնդրանքս ձեզ բոլորիդ: Այն օրը, երբ ես կլինեմ իշխանության ներկայացուցիչ եւ ինձ կպահեմ այնպես, ինչպես պահում են իրենց այսօր իշխանության ներկայացուցիչները (ես դա ինքս չեմ զգա երեւի) կպահանջեք ինձ հեռացնել պետական կառավարման պաշտոններից, որովհետեւ ես լինելու եմ թունավոր պետության եւ հասարակության քաղաքական, հոգեկան եւ բարոյական առողջության համար:
Առողջ եղեք! Չնեղվեք»: