կարևոր
2043 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-28 21:33

Սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները մայիսի 4-ից կվերացվեն․ Ավինյան

Սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները մայիսի 4-ից կվերացվեն․ Ավինյան

 ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները։ Այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։

«Հիմնականում մենք սահմանափակումների հանման որոշումները կայացնում ենք՝ ելնելով վարակի տարածման ցուցանիշից, դրա ինտենսիվությունից։ Մեծ հավանականությամբ, մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով կվերացվեն որոշ սահմանափակումներ մշակող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում գործող գեղեցկության սրահներում և մի քանի նմանատիպ այլ կազմակերպություններում, իհարկե, որոշակի կանոնների պահպանմամբ», - նշեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ հետագայում դիտարկվելու են նաև բացօթյա սրճարանների, ինչից հետո միայն՝ փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունները։ ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետը շեշտեց, որ արդեն իսկ սահմանափակումներ են հանվել շինարարության ոլորտում, մշակվող արդյունաբերության ոլորտում և դրանց տարբեր ենթաոլորտներում։

Պարետի ապրիլի 28-ի որոշմամբ թույլատրվում է բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: