Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ հանդես է եկել հեռուստաուղերձով՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման շուրջ երկրում տիրող իրավիճակին:
«Ռուսաստանում զրոյից սկսվել է կորոնավիրուսի բուժման համար անհրաժեշտ մի շարք դեղամիջոցների արտադրությունը: Ինչ վերաբերում է թեստ-համակարգերին, ապա մարտ-ապրիլ ամիսներին մեր արդյունաբերությունն 9 անգամ ավելացրել է դրանց թողարկումը: Եթե մարտի սկզբին Ռուսաստանում օրական 2500 հետազոտություն էր իրականացվում՝ վիրուսի հայտնաբերման համար, ապա այժմ՝ օրական մոտ 150 հազար»,- ասել է Պուտինը։
«Մենք այժմ գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի նոր, թերևս, ամենալարված փուլում: Վարակվելու վտանգն առաջնային տեղ է դուրս եկել, վիրուսի մահացու վտանգը պահպանվում է: Սահմանափակումների միանգամից չեղարկման մասին անգամ խոսք լինել չի կարելի, առջևում դժվար ճանապարհ կա անցնելու»,- նշել է Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի Դաշնությունում մայիսի 6-11-ը ոչ աշխատանքային օրեր են լինելու:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից Ռուսաստանում մահացել է 867 մարդ, վարակվել են 93 558-ը, ապաքինվել՝ 8456-ը: