կարևոր
2018 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-28 21:07

Կենտրոնամերիկյան խորհրդարանի հանձնաժողովի նախագահը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Կենտրոնամերիկյան խորհրդարանի հանձնաժողովի նախագահը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Կենտրոնամերիկյան խորհրդարանի արտաքին հարաբերությունների և միգրացիոն հարցերի հանձնաժողովի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ, ճանաչելով և դատապարտելով Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ծանրագույն ոճրագործությունը: Օրտեգայի հայտարարության տեքստը տարածել է Մեքսիկայում ՀՀ դեսպանությունը:

«105 տարի առաջ, այսօրվա նման մի օր աշխարհը սարսափով տեղեկացավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Կայսրության կողմից մոտ 1,5 միլիոն հայերի կոտորածների մասին: Ռազմական պարտությունների հետևանքով ցնցումներ ապրող կայսրության առաջնորդները միացան Գերմանիային՝ Անտանտի դաշինքին դիմակայելու համար այն ժամանակ, երբ կայսրության ռազմական ղեկավարության քարոզչությունը ներկայացնում էր կամ նպատակ էր հետապնդում ի ցույց դնել հայերին, որպես խառնակիչների կամ ռուսներին ծառայող հինգերորդ շարասյան: Արդյունքում տասնյակ հազարավոր հայեր սպանվեցին կամ քշվեցին Անատոլիայի շրջաններից Սիրիայի անապատներ, որտեղ սպանվեցին Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիայի պատմության ամենաարյունոտ էջերի ընթացքում, և ինչն առ այսօր վերջինս ժխտում է, հակառակ Միավորված Ազգերի 1948 թվականի Ցեղասպանության մասին Կոնվենցիայի երկրորդ հոդվածի դրույթների»,- նշել է Օրտեգան:

Հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ միանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած պետություններին, կազմակերպություններին ու անհատներին:

«Որպես Կենտրոնամերիկյան Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների և միգրացիոն հարցերի հանձնաժողովի նախագահ, միանում եմ ավելի քան 30 պետություններին, միջազգային կազմակերպություններին, Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, գիտնականներին, մտավորականներին, անհատներին, դատապարտելով Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ ցեղասպանության ոճիրը և մերժելով այս հանցագործության և պատմական ճշմարտության խեղաթյուրմանն ուղղված ժխտողականության ցանկացած փորձ»,- հայտնել է Դանիել Օրտեգան:

Կենտրոնամերիկյան խորհրդարանի արտաքին հարաբերությունների և միգրացիոն հարցերի հանձնաժողովի նախագահ Դանիել Օրտեգան նշել է, որ Օսմանյան կայսրության անկումը Թուրքիայում մեծացրել է քրիստոնեական առաջադեմ և պահանջատիրական համայնքների դեմ պոպուլիստական արշավը:

«Հայաստանն առաջին երկիրն էր, որ հռչակեց Քրիստոնեությունը, որպես պետական կրոն, հռոմեական տիրապետության ժամանակներից ի վեր դիմակայելով իսլամի տարածմանն իրեն հարող տարածքներում, բացառությամբ ուղղափառ Վրաստանի: Օսմանյան կայսրության անկումը, պայմանավորված ռազմական շարունակական պարտություններով, մեծացրեց քրիստոնեական առաջադեմ և պահանջատիրական համայնքների դեմ պոպուլիստական արշավը: Թուրքական անարդար օրենքների և բարձր հարկերի դեմ հայ ազգաբնակչության բողոքների և ապստամբությունների հետևանքով թուրք մահմեդականների շրջանում հայերի հանդեպ անվստահությունը իդեալական իրավիճակ էր ստեղծել հայերին բնաջնջել ցանկացողների համար, որը և փորձ կատարվեց իրականացնել, բերելով վերը նշված արդյունքներին»,- նշել է Օրտեգան:

Կենտրոնամերիկյան խորհրդարանը ստեղծվել է 1991 թվականին, կենտրոնակայանը հանդիսանում է Գվատեմալայի մայրաքաղաք Գվատեմալան: Մաս է կազմում Կենտրոնամերիկյան պետությունների ինտեգրացիոն համակարգի: Միապալատ օրենսդիր մարմինը բաղկացած է անդամ-պետությունների (Գվատեմալա, Սալվադոր, Հոնդուրաս, Նիկարագուա, Պանամա, Դոմինիկյան Հանրապետություն) 120 պատվիրակներից: Խորհրդարանում դիտորդի կարգավիճակ ունեն Մեքսիկան, Պուերտո Ռիկոն, Մարոկկոն, Թայվանը և Վենեսուելան: