կարևոր
1817 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-28 19:34

Սիլիկյան թաղամասում կկառուցվի նոր քրեակատարողական հիմնարկ․ ավագանին հողատարածքը նվիրեց պետությանը

Սիլիկյան թաղամասում կկառուցվի նոր քրեակատարողական հիմնարկ․ ավագանին հողատարածքը նվիրեց պետությանը

Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Սիլիկյան թաղամասում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 15 հա մակերեսով հողամասը նվիրվեց պետությանը։ Տարածքի կադաստրային արժեքը 441 մլն դրամ է։ ՀՀ արդարադատության նախարարության նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից տարածքում։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ կկնքվի նվիրատվության պայմանագիր:

«Այս գործընթացի մասին խոսակցությունները սկսվել էին դեռ Արտակ Զեյնալյանի հետ, երբ նա ՀՀ արդարադատության նախարար էր։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նույն չափով տարածք էլ իրենք կտրամադրեն մեզ։ Դրանից հետո քննարկում է եղել նաև ներկայիս ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանի հետ և այս գործընթացը նորմալ հունով ընթանում է»,- նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Քննարկվող հողամասում նախատեսվում է կառուցել շուրջ 1200 լրակազմ (200 մահճակալ նախատեսվում է բուժման կարիք ունեցող անձանց համար) ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ։ Այդ տարածքում տեղակայվելու են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները, քանի որ նշված քրեակատարողական հիմնարկները դարձել են ոչ պիտանի հետագա շահագործման և պայմանները խիստ անբավարար են ազատությունից զրկված անձանց համար:

Որոշումն ընդունվեց միաձայն։