կարևոր
1573 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-28 17:03

Վլադիլեն Բալյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Վլադիլեն Բալյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին 96-րդ տարեդարձի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Միաձայն որոշումը կայացվեց Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ընթացքում։

Երևանի ավագանու Մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Գևորգյանը նշեց, որ Երևանի ավագանու անդամները սեփական նախաձեռնությամբ համավարակի օրերին այցելել են տարեց արվեստագետներին։ «Ավագանու անդամներն այցելել են մեր արվեստագետներին, տարել էին պարենային արկղեր, որպեսզի նրանք մնան տանը և չվտանգեն իրենց առողջությունն ու չհիվանդանան»,- նշեց Գևորգյանը։

Վլադիլեն Ալեքսանդրի Բալյանը ծնվել է 1924 թ. ապրիլի 25-ին Երևանում: Սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական և խմբավարական ֆակուլտետներում: 1952-1954 թթ. եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը: 1955-61 թթ. ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1964-65 թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը: 1966 թ. ստեղծել է Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանը և մինչ 1972 թ. եղել դրա տնօրենը: 1981 թվականից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը: Ստեղծագործել է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Հեղինակել է բազմաթիվ երգեր: Հայաստանի կոմպոզիտորների, ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է: «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն է: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011 թվականին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: