կարևոր
1753 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-28 16:36

Արման Աբովյանի գնահատմամբ՝ կառավարության աջակցության միջոցառումները հատվածական են

Արման Աբովյանի գնահատմամբ՝ կառավարության աջակցության միջոցառումները հատվածական են

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը կարծում է, որ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար կառավարության մինչև այժմ ձեռնարկած քայլերը հատվածական են, մարդկանց սոցիալական խնդիրները չեն լուծվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբովյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Պետությունը այս պարագայում պարտավոր է անել ամեն ինչ, որ ապահովի իր քաղաքացիներին, ուրիշ տարբերակ չկա»,-ասաց Աբովյանը:

Նա նկատեց՝ կան մարդիկ, որոնք երկու ամիս չեն աշխատում, տանն են, սակայն կոմունալ վճարումները չկատարելու համար անջատումներ են  սպասվում: Պատգամավորը նշեց՝ կան նաև ոչ բարեխիղճ քաղաքացիներ, որոնք ունեն հնարավորություն, բայց չեն մուծում: Աբովյանն առաջարկեց ձևավորել բարձր շեմ, որից ավել սպառելու դեպքում միայն կարող են անջատումներ արվել: «Պարզ է, որ հասարակ մարդն իր տանը 150 հազար դրամի գազ չի վառի: Չի կարելի այս պարագայում գնալ քայլերի, որոնց, ցավոք, այս պարագայում ականատես ենք լինում»,-ասաց նա ու նկատեց՝ կան տարբեր մեխանիզմներ՝ սուբսիդավորում, գումարի տրամադրում:

Անդրադառնալով բյուջեի փոփոխությունների նախագծին՝ նա նկատեց, որ ծախսերը վերանայվում են, որոշակի ծրագրեր են իրականացվում, ակնկալվում է, որ այդ ծրագրերի շրջանակում պետք է այս կամ այն կերպ աջակցություններ տրվեն: «Դրանք հատվածային լուծումներ են: Եվ դա ցույց տվեց մեր այսօրվա քննարկումը, առկա իրողությունը: Դրանք շատ ցածր արդյունավետություն ունեին, մարդիկ այսօր կանգնած են շատ լուրջ խնդիրների առջև»,-ասաց Աբովյանը:

Կառավարությունը մշակել և հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ և 12-րդ միջոցառման համաձայն՝ փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները մասամբ փոխհատուցվում են պետության կողմից: