կարևոր
1662 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-28 16:10

Մարուքյանը պնդում է՝ պետությունն ազատ գումար ունի, Թունյանը հակադարձում՝ սնդուկով փողեր դրված չեն

Մարուքյանը պնդում է՝ պետությունն ազատ գումար ունի, Թունյանը հակադարձում՝ սնդուկով փողեր դրված չեն

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ պետությունը գանձապետական հաշվեհամարում ունի ազատ միջոցներ, որով կարող է շուրջ կես մլն ընտանիքի տալ 100 հազարական  դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վստահեցնում է՝ պետությունը 300 մլրդ դրամ ազատ միջոցներ չունի, դրանք հստակ ծրագրային նպատակի համար են: Պատգամավորները նման տեսակետ հայտնեցին ԱԺ ապրիլի 27-ի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Լուսավոր Հայաստանն» առաջարկել է 100 հազարական դրամ տրամադրել շուրջ կես միլիոն ընտանիքի, ինչպես նաև կրկնակի վճարել թոշակները: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ այդ փողը կա՝ պետությունը մոտ 300 միլիարդի խնայողություն ունի ԿԲ գանձապետական հաշվեհամարում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքել էր թեմային՝ նշելով, որ գանձապետական միասնական հաշվի մնացորդն ազատ միջոց չէ, և, հետևաբար կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ միջոց:

Մարուքյանը անդրադառնալով կառավարության այն պնդմանը, որ փող չկա՝ ասաց. «Վերջին երկու տարում ՀՀ քաղաքացիների բախտը բերել է, կան խնայողություններ, հարկային լավ տարի է եղել, կապիտալ շինարարությունները թերակատարվել են: Խնայողությունների հաշվի վրա այս պահին կա 385 միլիարդ դրամ փող: Պարոն Ջանջուղազյան, Դուք ճիշտ եք ասում, որ այդ փողն ամբողջությամբ ազատ փող չէ, մոտ 150 մլրդի կարգի փող ազատ փող չէ, կան պարտավորություններ, բայց մոտ 200 մլրդ դրամը խնայողության փողն է, որը կառավարությունը կարող է ծախսել, մեր ժողովրդին աջակցել և այդ միջոցով սրսկել տնտեսության մեջ»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք, հաշվի առնելով, որ ճգնաժամային իրավիճակում ժողովուրդը գումար չունի, առաջարկում են հինգ հարյուր հազար ընտանիքի տալ հարյուր հազար դրամ, որը կազմում է 50 միլիարդ դրամ, 470 հազար թոշակառուներին էլ մեկ ամսվա հավելյալ թոշակ: «Մեր կառավարության գործընկերներն ասում են, որ սա պոպուլիզմ է: Սա պոպուլիզմ կլիներ, եթե քաղաքացիները կարիք չունենային, մենք ասեինք՝ տվեք, կամ այդ փողը չլիներ՝ մենք ասենք տվեք»,-ասաց նա:

Թունյանը նախ նշեց, որ վերաբաշխումների վերաբերյալ յուրաքանչյուր ծրագրով առանձին-առանձին ԱԺ-ում քննարկում անելը  շատ ճիշտ կլիներ, սակայն նկատեց՝ ԱԺ-ում  քննարկումը արդյունավետ է, երբ այդ քննարկումը լինում է կառուցողական: Նա նկատեց՝ երբեմն ակնհայտ սխալ տեղեկություններ են հաղորդվում: «Օրինակ, ասվում է, թե 300 մլրդ դրամ ազատ գումար կա: ՀՀ-ում 300 մլրդ դրամ, առավել ևս 380 մլրդ դրամ ազատ փող չկա: Եթե խոսքը միասնական գանձապետական հաշվի մասին է, դրա մնացորդը մի քանի անգամ ավելի պակաս է և դա ունի հստակ ծրագրային նպատակներ: Դա ազատ փող չէ, որ ինչպես ուզենանք, այնպես էլ ծախսենք: Որևէ մեկին թվո՞ւմ է, թե սնդուկով փողերն այնտեղ դրված են կամ որևէ հաշվի վրա են, և մենք մեզ կրակն ենք գցել՝ լրացուցիչ փողի աղբյուր ենք ման գալի՞ս»,-ասաց նա:

Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի փոփոխությամբ, ըստ էության, նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ:  Առաջարկվում է հավանության արժանացնել մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ: