կարևոր
2354 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-28 13:47

Վարչապետը կոմունալ վճարումները չկատարելը չի համարում խնդրի լուծում

Վարչապետը կոմունալ վճարումները չկատարելը չի համարում խնդրի լուծում

ՀՀ կառավարությունը շարունակում է լուծում փնտրել գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարումների հետ կապված: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կոմունալ վարձերը չվճարելը այս հարցի լուծում չէ:

«Հարուստ մարդիկ սկսել էին չվճարել իրենց կոմունալները: Այդ չվճարելու պատճառն այն էր, որ կառավարությունն ասել էր՝ չվճարումների դիմաց անջատումներ չեն լինելու: Մենք տեսանք, որ այս համակարգը կարող է քանդվել: Համաձայնություն տվեցինք, որ ՀԾԿՀ-ն ու մատակարարող ընկերությունները կոշտացնեն իրենց դիրքորոշումը: Երբ այդ դիրքորոշումը կոշտացավ, մի քանի օրվա ընթացքում մոտ 7 մլրդ դրամի վճարումներ եղան համակարգում: Սրա արդյունքում մենք համակարգը փրկեցինք կոլապսից»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այս պահին երկրում անջատված է էլեկտրաէներգիայի 4300 բաժանորդի հոսանքը և գազի  736 բաժանորդի մատակարարումը:

«Հայաստանում կա 775 հազար էլեկտրաէներգիայի բաժանորդ, որոնցից անջատվել է 4300-ի մատակարարումը, և յուրաքանչյուրի պարտքը կազմում է 30 հազար դրամից ավելի, և կա 623 հազար գազի բաժանորդ, անջատվել է 736 գազի բաժանորդների մատակարարումը, այդ գումարը կազմում է 80 հազար դրամ և ավելի: Պետք է անջատել այն մարդկանց հոսանքն ու գազը, որոնք հնարավորություն ունեն վճարելու, բայց չեն վճարում»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարության խնդիրն է գտնել իսկապես կարիքավոր բաժանորդներին ու փորձել լուծել կոմունալների վճարումների հետ կապված խնդիրը:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: