1526 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-28 12:39

Լրացուցիչ պարտք ներգրավելու կարիք կա. ԱԺ-ն քննարկում է բյուջեի նախագծի փոփոխությունները

Լրացուցիչ պարտք ներգրավելու կարիք կա. ԱԺ-ն քննարկում է բյուջեի նախագծի փոփոխությունները

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով, ըստ էության, նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ ապրիլի 27-ի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նախ անդրադարաձավ համավարակի հետևանքով առաջ եկած շոկերին, նկատեց՝ արտաքին շոկերն իրենց ազդեցությունն են ունեցել նաև Հայաստանի տնտեսության վրա: Համաշխարհային տնտեսության անկումը գնահատվում է շուրջ 3 տոկոս, և այն իր ազդեցությունն է ունենում տարբեր երկրների, հետևաբար, նաև Հայաստանի տնտեսության վրա: Մետաղների, նավթի համաշխարհային գների անկումը, ռուբլու արժեզրկումը նույնպես դիտարկվում են որպես արտաքին ցնցումներ:

Ներքին սահմանափակումները ևս իրենց ազդեցությունն են ունեցել երկրների տնտեսության վրա: «Ներքին սահմանափակումների գնահատականը Հայաստանում մոտավորապես 2-2.4 տոկոսային կետ է՝ համախառն ներքին արդյունքի իրական աճի կորստի չափով: Հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը՝ ներկայացված նախագծի հիմքում դրված սցենարի գնահատականն այն է, որ մենք կունենանք 2 տոկոս անկում: 2020 թվականի բյուջեի մասին օրենքով հաստատվել են բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4.9 տոկոս մեծության կանխատեսում»,-ասաց Ջանջուղազյանը:

Նախարարը նշեց՝ ըստ էության մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ է առաջարկվում հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ենթադրվում է, որ մոտ 80 մլրդ դրամ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման և մոտ 20 մլրդ դրամ պահուստային միջոցներ վերաբաշխելու համար:

«Այս սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կամ պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտ 260 մլրդ դրամ, որովհետև այսպիսի տնտեսական անկման կանխատեսումը ենթադրում է նաև համախառն ներքին արդյունքի անվանական մեծության նվազման կանխատեսում, և ակնկալվում է, որ 7 տրիլիոն 95 մլրդ դրամի փոխարեն այն կլինի 6 տրիլիոն 485 մլրդ դրամ: Համապատասխանաբար, այն կգեներացնի ոչ թե 1 տրլն 602 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչպես կանխատեսվում էր, այլ 1 տրլն 433 մլրդ դրամ կամ մոտ 169 մլրդ դրամով պակաս, քան ի սկզբանե ծրագրավորված էր»,-ասաց Ջանջուղազյանը:

Սցենարի շրջանակում մոտ 169 մլրդ դրամ հարկային եկամուտների՝ ծրագրվածից ցածր կատարում է կանխատեսվում: Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ, որը կկազմի կանխատեսվող ՀՆԱ-ի 5 տոկոսը:

Ծախսերը կպահպանվեն գրեթե նույն մակարդակի: «Որպեսզի այդ պակասուրդը ֆինանսավորվի, անհրաժեշտ է, ըստ էության, բյուջեով նախատեսվածից 2 անգամ ավելի ներգրավել պարտքային միջոցներ: Եվ ներկայացված 150 մլրդ դրամանոց փաթեթի ֆինանսավորումը և պակասուրդի ֆինանսավորումը միասին կպահանջեն մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Այդ նպատակով առաջարկվում է այս տարվա բյուջեում փոփոխություն»,-ասաց նախարարն ու հավելեց՝ այս ճգնաժամը գնահատվում է որպես աննախադեպ: