Եվրոպական միությունը աջակցում է ժամանակակից և քաղաքացիակենտրոն ոստիկանության ծառայության ստեղծմանն ուղղված Հայաստանի ջանքերին։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ գրասենյակը:
«Մարտահրավերներով հագեցած այս ժամանակաշրջանում՝ Եվրոպական միությունը բարձր է գնահատում ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության կողմից ներդրված ջանքերը, որոնց շնորհիվ անցյալ շաբաթ հաստատվել է Ոստիկանության ռազմավարությունը և դրանից բխող՝ 2020-2022 թվականների Գործողությունների ծրագիրը և պատրաստ է համախմբել ուժերը դրանց վաղ իրականացման ուղղությամբ։
Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը վիրտուալ քաղաքավարության այց է կատարել ոստիկանության ղեկավար Արման Սարգսյանին, որի ընթացքում դեսպանը շնորհավորել է նրան և քննարկել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ ԵՄ-Հայաստան նոր գործընկերության մանրամասները՝ վերահաստատելով ընթացող բարեփոխումների աջակցությունը խորացնելու ուղղությամբ ԵՄ հանձնառությունը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: