կարևոր
1128 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-27 19:41

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները չեն լուծելու նոր իրավիճակից բխող խնդիրները. Թադևոս Ավետիսյան

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները չեն լուծելու նոր իրավիճակից բխող խնդիրները. Թադևոս Ավետիսյան

Կառավարության առաջարկած օրենսդրական լուծումները ամբողջական չեն՝ իրավիճակից բխող խնդիրների տեսանկյունից: Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

«Կառավարության նախաձեռնությամբ 2020թ. ապրիլի 28-ին գումարվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգի 3-րդ հարցով նախատեսված է քննարկել Կառավարության առաջարկած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը (հղումը՝ http://www.parliament.am/agenda.php?lang=arm): Այս նախագծի վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացված մեր որոշ առաջարկներ ընդունվել են և ներառված են նախագծում: 

Սակայն, ցավոք, պետք է նորից արձանագրենք, որ Կառավարության առաջարկած օրենսդրական լուծումները ամբողջական չեն՝ իրավիճակից բխող խնդիրների տեսանկյունից: Ավելին, այս նախագծի ընդունման դեպքում իրականացվող որոշ փոփոխություններ առավել կխորացնեն աշխատանքից զանգվածային ազատումների առարկայական ռիսկը:

Կարևորելով աշխատանքային հարաբերություններում առկա և առաջացող իրական խնդիրները, դրանց հավաքական լուծումների օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ հարկ եմ համարում նորից անդրադառնալ այս նախագծին և ներկայացնել խնդրահարույց որոշ մանրամասներ:

Նախ՝ դրականորեն պետք է արձանագրել, որ նախագիծը լրացվել է և նախատեսվում է գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (ներառյալ՝ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառում) արտակարգ դրության ժամանակահատվածում: Սակայն խնդրահարույց է նշված նոր պահանջի գործնական կիրառության ապահովումը, եթե հաշվի առնենք, որ պետական այս վերահսկողությունը պետք է իրականացնի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Պետական այս մարմինը ունի աշխատանքի ընդամենը 23 տեսուչներ՝ խիստ սահմանափակ գործառնական հնարավորություններով: Մեր երկրում միայն գրանցված աշխատողների թիվը 600 հազարից ավել է, իսկ վերահսկողության ենթակա աշխատանքային օրենսդրության պահանջները բազմաթիվ են և պահանջում են մասնագիտական բարձր պատրաստվածություն:

Հաջորդը՝ նախագծի 4-րդ և 8-րդ հոդվածները բովանդակային առումով անտեղի կրկնվում են և նման փոփոխություններն իրավակիրառական պրակտիկայում առաջացնելու են տարընկալումներ: Մասնավորապես, նախագծի 4-րդ հոդվածով արգելվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը, եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ խախտել է աշխատաժամանակի ռեժիմը: Այս կարգավորումը լրիվ ավելորդ է, եթե նկատի ունենանք, որ՝

1. նախագծի 8-րդ հոդվածով արգելվում է աշխատանքային կարգապահության խախտում համարել արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ աշխատանքի չներկայանալը կամ աշխատողի կողմից աշխատանքային ռեժիմը չպահպանելը,

2. իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքի չներկայանալու կամ աշխատանքային ռեժիմը պարբերաբար խախտելու հիմքով աշխատանքից ազատումը համարվում են կարգապահական տույժի տեսակ, որը կարող է կիրառվել, եթե առկա է կարգապահական խախտում:

Հետևաբար, եթե արտակարգ իրավիճակում աշխատանքի չներկայանալը կամ աշխատանքային ռեժիմը չպահպանելը չի կարող համարվել կարգապահական խախտում, ապա նաև՝ այդ հիմքերով գործատուն չի կարող աշխատողին ազատել աշխատանքից:

Վերջում ամենակարևորը՝ արտակարգ բնույթ կրող հանգամանքների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում հարկադիր պարապուրդի համար աշխատողի վարձատրության բեռն անհամաչափորեն դրվում է գործատուի վրա: Այսպիսի կարգավորումը գործնականում հղի է անցանկալի ելքերով՝ աշխատանքից զանգվածային ազատումներ, աշխատավարձի վճարման ժամանակավորապես դադարեցում:

Մասնավորապես, հարկադիր պարապուրդի դեպքում գործատուն պետք է վճարի աշխատողին՝ նրա միջին աշխատավարձի առնվազն 67 տոկոսի չափով: Կառավարությունը նախատեսել է գործատուին տրվող պետական աջակցություն, որը կազմում է մեկ աշխատողի հաշվով միջին աշխատավարձի շուրջ 20 տոկոսը: Եվ սա էլ այն դեպքում, երբ գործատուն 2020թ. հունվար-մարտ ամիսներին չի կրճատել աշխատողների հաստիքները և աշխատավարձի ֆոնդը:

Ստացվում է, որ գործատուն պետք է կատարի վարձատրությանն ուղղվող իր ծախսերի հիմնական մասը՝ երկու-երրորդը, որոնք իր համար եկամուտներ ու շահույթ չեն ապահովում և առավելապես ունեն սոցիալական բնույթ: Իսկ պետությունը լավագույն դեպքում պարտավորվում է փոխհատուցել այդ ծախսերի առավելագույնը 30 տոկոսը: Այս աջակցության հիմնական մասը՝ շուրջ 80 տոկոսը պետությունը հետ է ստանալու եկամտահարկով, որը գործատուն պետք է վճարի այդ նույն հարկադիր պարապուրդի համար վճարվող աշխատավարձից:

Ակնհայտ է, որ առաջարկվող այս փոփոխություններով չի լուծվում պետական անհրաժեշտ աջակցությամբ զանգվածային ազատումների կանխարգելման հիմնական խնդիրը: Եվ առավել բարձրանում է սոցիալական տեսանկյունից խնդրահարույց, սակայն գործատուների համար օրենքով սահմանված մյուս հնարավորություններն իրացնելու հավանականությունը՝

1. ժամանակավորապես դադարեցնել տնտեսական գործունեությունը, իրականացնել զանգվածային ազատումներ և չկատարել շահույթ չապահովող վերը նշված ծախսերը, կամ՝

2. օգտվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգավորումից և անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով պայմանավորված ընդհանրապես չվճարել աշխատավարձ՝ չակնկալելով նաև պետական վերը նշված աջակցությունը:

Ի դեպ, վերը նշված ծրագրով գործատուներին պետական աջակցության չափից բացի խնդրահարույց է նաև շահառուների համար նախատեսված սահմանափակումը: Մասնավորապես, 2020թ. հունվարի տոնական ոչ աշխատանքային օրերին բազմաթիվ կազմակերպություններ աշխատել են և այդ օրերի համար իրենց աշխատողներին վճարել են կրկնակի աշխատավարձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջով: Իսկ մարտին իրենց աշխատողներին կամ նրանց մի մասին վճարել են հարկադիր պարապուրդի համար՝ միջին աշխատավարձի երկու-երրորդի չափով, որը պայմանավորված էր արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումներով:

Փաստորեն, այդ կազմակերպությունները հունվար-մարտ ամիսներին որևէ աշխատողի չեն ազատել աշխատանքից, վճարել են աշխատավարձեր՝ օրենքի պահանջների պահպանմամբ, սակայն օբյեկտիվ հանգամանքների բերումով նվազել է նրանց աշխատավարձի ֆոնդը հունվար-մարտ ամիսների և այդ կազմակերպություններին չի տրամադրվում նույնիսկ պետական վերը նշված աջակցությունը»,-նշել է Ավետիսյանը: