766 դիտում, 2020.04.27 19:13

Բացահայտվել է հերոինի և մեթամֆետամինի ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է

Բացահայտվել է հերոինի և մեթամֆետամինի ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է

Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցից առերևույթ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ապրիլի 21-ի ժամը 17:20-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Սևան քաղաքի բնակիչ, որի մոտ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված դեղնավուն զանգված և ծալովի դանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Առգրավված նյութը ենթարկվել է դատանյութագիտական փորձաքննության, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված դարչնաշագանակագույն փոշենման զանգվածը հանդիսանում է 0.11գ. հաստատուն քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի և 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Սևանի բնակչին թմրամիջոց  առերևույթ իրացրած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 49-ամյա բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման և մուգ շագանակագույն զանգվածներ:

Քրեական գործով նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված և փորձաքննության ներկայացված զանգվածները 0.32գ «Հերոին» և 0.23գ. քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ են:

Դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետի և 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով:

Որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կասկածյալի բնակարանի խուզարկություն, որի ժամանակ ևս հայտնաբերվել և առգրավվել են թմրանյութերի, թմրամիջոցների, պրեկուրսորների նմանվող նյութեր և դեղահաբեր:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ Սևանի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը, թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման աղբյուրը պարզելու, շրջանակը հստակեցնելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։