կարևոր
1720 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-27 17:51

Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի 9 ակումբների շնորհվեցին «ՈւԵՖԱ»-ի արտոնագրեր

Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի 9 ակումբների շնորհվեցին «ՈւԵՖԱ»-ի արտոնագրեր

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:  

Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Գանձասար-Կապան», «Նոա», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Շիրակ» և «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ «ՈւԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները:  Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի 2020/2021թթ․խաղարկությանը: 

Քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման բաժնի պետի և ֆինանսական փորձագետի կողմից: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 9 ակումբներին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատմության մեջ առաջին անգամ քննության առավ նաև ՈւԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2020/2021թթ․ ՈւԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Վերոնշյալ արտոնագրի համար դիմած երկու ակումբներն էլ՝ «Ալաշկերտ» ՖԱ-ն և «Շիրակ» ՖԱ-ն, բավարարել են բոլոր չափանիշներին և ստացել համապատասխան արտոնագիրը։