«Եղեռնազարկ ժողովրդի զավակ». այսպես է իրեն անվանել հայ գրականության մեծանուն քնարերգու Հովհաննես Շիրազը, որը բազմաթիվ բանաստեղծությունների, պոեմների ու քառյակների հեղինակ է, գրող, որը կարողացել է իր ստեղծագործությունների անկեղծությամբ գերել ընթերցողներին:
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի (Օնիկ Կարապետյան) ծննդյան օրն է:
Ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ Գյումրի): Հայրը սպանվել է 1920թ., հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ Մանկությունն անցկացրել է որբանոցում: Շուկայում պատահաբար գտել է մորը, նրա խորհրդով դարձել է կոշկակարի աշակերտ, ապա` ջուլհակ:
Նրա առաջին գործը՝ «Գարնան սկիզբը» հրատարակվել է 1935 թ.: Նովելագիր Ատրպետը տաղանդավոր բանաստեղծին կնքել է «Շիրազ» գրական մականվամբ, որովհետև «այս երիտասարդի պոեմները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում): Հովհաննես Շիրազը սովորել է Երևանի պետական համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում: 1958 թ. հրատարակել է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը: Երկրորդ և երրորդ հատորը հրատարակվել են 1965թ. և 1974թ.: Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները: Նա գրել է «Հայկական Դանթեական-էսսեն», որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում: Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ 1990թ. Երևանում:
Գրողը թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, այլ հանրահայտ հայերի կողքին: Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր: Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվել Երևանի թիվ 169 դպրոցը: Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը: Երևանում (2005թ.) և Գյումրիում (2007թ.) կանգնեցվել են հուշարձանները: Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ: