կարևոր
1385 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-27 15:32

Նոր Զելանդիան հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու մասին

Նոր Զելանդիան հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու մասին

Նոր Զելանդիային հաջողվել է կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը երկրում: BBC-ի փոխանցում է, որ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը: Նա նշել է, որ երկրում խիստ սահմանափակումները նախատեսում են հանել: Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ Նոր Զելանդիային հաջողվել է խուսափել վատագույնից, սակայն պետք է շարունակի պայքարը վիրուսի դեմ:

«Մենք այս մարտը հաղթեցինք, սակայն մենք պետք է պահպանենք զգոնությունը, եթե ցանկանում ենք նույն ձևով շարունակել»,-ասել է նա:

Ապրիլի 27-ին ժամը 23:59-ին կհանվեն 4-րդ մակարդակի սահմանափակումները, որոնք գործում են արդեն 4 շաբաթ: Այդ ընթացքում, գրեթե բոլոր ձեռնարկությունները փակ են եղել, դպրոցների հետ միասին: Վարչապետը նշել է, որ 3-րդ մակարդակի սահմանափակումներում նոր ռիսկեր են ի հայտ գալիս, մարդիկ կարող են ավելի շատ միմյանց հետ շփման մեջ լինել: Երրորդ մակարդակում ռեստորաններին ու դպրոցներին կթույլատրվի բացվել փոքր մասշտաբներով: Դպրոցները բաց կլինեն մինչև 10 տարեկան երեխաների համար, որոնք չեն կարող տանը սովորել կամ որոնց ծնողները պետք է վերադառնան աշխատանքի: Ընկերությունները կարող են վերադառնալ աշխատանքի, եթե պահպանվեն համապատասխան գերատեսչությունների կողմից սահմանված անվտանգության կանոնները:

«Մենք բացում ենք տնտեսությունը, սակայն չենք բացում մարդկանց հանրային կյանքը»,- ասել է Արդերնը:

Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1 469 է, մահացածներինը՝ 19-ը: